Հնագետները Փարիզի Աստվածամոր տաճարի տակ 2019 թվականի ավերիչ հրդեհից հետո շենքի վերանորոգման աշխատանքների ժամանակ մի քանի դամբարան եւ կապարե սարկոֆագ են հայտնաբերել, որոնք թվագրվում են հավանաբար 14-րդ դարով: Ակնհայտ գիտական արժեք ներկայացնող գերեզմանները հայտնաբերվել են տաճարի կենտրոնական մասում հնագույն եկեղեցու գագաթը վերականգնելու նախապատրաստական աշխատանքների ընթացքում: Այս մասին իր կայքում հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։
Ըստ երեւույթին, մարդակերպ դագաղը պատրաստվել էր բարձրաստիճան պաշտոնյայի համար 1300-ական թվականներին՝ տաճարի կառուցումից հարյուր տարի անց: Գիտնականների թիմն արդեն էնդոսկոպիկ մինի տեսախցիկ է օգտագործել՝ սարկոֆագի ներսը տեսնելու համար, որը դեֆորմացվել է հողի եւ քարերի ծանրության տակ։ «Մենք կարողացանք գործվածքի, մազի կտորներ եւ, առաջին հերթին, գլխի հատվածում բուսական մնացորդներից բարձ տեսնել, ինչը բնորոշ է կրոնական առաջնորդների գերեզմաններին,- պատմել է խմբի առաջատար հնագետ Քրիստոֆ Բենյեն:- Այն փաստը, որ այդ բուսական տարրերը դեռ ներսում են, նշանակում է, որ մարմինը եւս պետք է շատ լավ վիճակում պահպանված լինի»:
Հնագետներին ժամանակ է տրվել մինչեւ մարտի 25-ը, որից հետո տաճարի վերակառուցման աշխատանքները կվերսկսվեն, որը նախատեսվում է վերաբացել 2024 թվականին։





























