Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի շնորհիվ հաջողվել է պարզել, որ գիշերային քնի ժամանակ լույսը բացասաբար է ազդում մարդու վրա։ Պարզվել է, որ լույսը վառած քնելը խախտում է սրտանոթային համակարգի աշխատանքը եւ հաջորդ առավոտ բարձրացնում է ինսուլինի հանդեպ դիմադրությունը, հայտնում է Planet-today-ը։

Մասնագետները նշում են, որ գիշերային քունը կարող է ոչ միայն խախտել գլյուկոզայի կարգավորումը եւ սրտանոթային աշխատանքը, այլեւ հանգեցնել ավելի լուրջ հիվանդությունների, օրինակ՝ սրտի հիվանդություններ, շաքարախտ, նյութափոխանակության համախտանիշ առաջացնել։

Ապացուցվել է, որ ցերեկային լույսն ազդում է սրտի վրա՝ արագացնելով սրտի զարկերը: Սա ապահովում է սրտի առավելագույն աշխատանք եւ բարձրացնում զգայունությունը օրվա խնդիրների հանդեպ։ Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդու վրա նույն ազդեցությունն է ունենում նաեւ գիշերային քնի ժամանակ վառած լույսը:

Մասնագետները պարզել են, որ ինսուլինի դիմադրությունը տեղի է ունենում առավոտյան՝ լուսավորված սենյակում քնելուց հետո։ Ինսուլինի դիմադրությունը ենթադրում է ինսուլինի հանդեպ մկանների, ճարպային եւ լյարդի բջիջների արձագանքի վատթարացում: Նման բջիջները կորցնում են էներգիայի պաշարները լրացնելու համար արյան մեջից գլյուկոզան օգտագործելու ունակությունը։ Փոխհատուցման համար ենթաստամոքսային գեղձն ավելի շատ ինսուլին է արտադրում։ Սա հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման: