Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամները հայտարարել են, որ կշարունակեն օգնել Ուկրաինային, ինչպես նաեւ կհարմարեցնեն դաշինքի սեփական անվտանգությունը «նոր իրականությանը», հայտնում է Reuters-ը։

Դիվանագետների ու ռազմական վերլուծաբանների գնահատականներով՝ ուկրաինական ճգնաժամի սկզբից ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ավելի քան 20 հազար միավոր հակատանկային եւ այլ զինատեսակներ են ուղարկել Ուկրաինա:

«Մենք շարունակում ենք միասնական մնալ Ուկրաինային աջակցելու հարցում»,- ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների արտակարգ խորհրդակցությանը ժամանելիս: 

ՆԱՏՕ-ի երկրները կշարունակեն զենք մատակարարել Ուկրաինային, թեեւ այդ մատակարարումները կարող են ռուսական հարձակումների թիրախ դառնալ, լրագրողներին ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլլոնգրենը՝ հավելելով. «Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի»։
Նախարարները կլսեն նաեւ իրենց ուկրաինացի գործընկեր Օլեքսի Ռեզնիկովին, ով ակնկալվում է, որ ավելի շատ զենք կխնդրի ՆԱՏՕ-ի առանձին երկրներից:

Մարտի 24-ին կայանալիք ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մտադիր են նաեւ ռազմական հրամանատարներին հանձնարարել Ռուսաստանին զսպելու նոր ուղիների պլաններ մշակել, այդ թվում՝ Արեւելյան Եվրոպայում լրացուցիչ զորքերի եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման միջոցով: