Իսպանիայի իշխանությունները կալանել են «Կիսալուսին» (Crescent) կոչվող մեգա զբոսանավը, որը, ենթադրաբար, պատկանում է ռուսական նավթային «Ռոսնեֆտ» հսկայի գործադիր տնօրեն Իգոր Սեչինին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին:

Marine Traffic մոնիթորինգային կայքի տվյալներով՝ 135 մետրանոց զբոսանավը, որին մասնագիտացված հրատարակություններն անվանում են աշխարհում ամենամեծերից մեկը, նավարկում է Կայմանյան կղզիների դրոշի ներքո եւ Իսպանիա է ժամանել 2021թ․ նոյեմբերին Իտալիայից։

Իսպանիայի տրանսպորտի նախարարությունը, որը հաստատել է կալանումը, բայց ոչ սեփականության իրավունքը, ասել է, որ նոյեմբերի 2-ին կառանել է Միջերկրական ծովի Տարագոնա նավահանգստային քաղաքում եւ մարտի 4-ին առափնյա պահակախմբից թույլտվություն խնդրել, բայց այդպես էլ չի նավարկել։

Իշխանությունները նշել են, որ զբոսանավը կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել սեփականության իրավունքը։   

Իսպանական ոստիկանության աղբյուրը Reuters-ին ասել է, որ կարծում են, որ զբոսանավը պատկանում է Սեչինին:

Մեկ այլ զբոսանավ, որը, ենթադրաբար, պատկանում է Սեչինին, Ֆրանսիայի իշխանությունները կալանել են մարտի 4-ին:

Ըստ Superyacht Fan-ի՝ Գերմանիայում կառուցված Crescent-ն աշխարհի ամենամեծ զբոսանավերից մեկն է եւ, ըստ լուրերի, արժե ավելի քան 600 միլիոն դոլար: 

Crescent-ը ռուս օլիգարխների հետ կապ ունեցող երրորդ զբոսանավն է, որը կալանավորվել է Իսպանիայի իշխանությունների կողմից երեք օրվա ընթացքում:

Երեքշաբթի Մայորկայի իշխանությունները կալանավորել են Lady Anastasia զբոսանավը, որը պատկանում է ռուս օլիգարխ Ալեքսանդր Միխեեւին, որը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների ներքո։ Երկուշաբթի կալանավորվել է «Վալերի» նավը, որը կապ ունի «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովի հետ, որը եւս հայտնվել է պատժամիջոցների ներքո։