ԱՄՆ Միչիգանի համալսարանի հետազոտողները հայտնել են առողջության վրա գլոբալ տաքացման նոր հետեւանքների մասին: Պարզվել է, որ կլիմայի փոփոխությունը նպաստում է ալերգիայի ախտանիշների սրմանը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

Մասնագետները մոդել են մշակել, որը ներառում էր ծաղկափոշու 15 ամենատարածված տեսակները եւ այն, թե ինչպես են դրանց վրա ազդում եղանակի եւ տեղումների կանխատեսումները: Հետազոտության արդյունքների համաձայն՝ ջերմաստիճանի բարձրացման եւ մթնոլորտում CO2-ի բարձր մակարդակի պատճառով ալերգիայի սեզոնները ավելի երկար եւ ինտենսիվ կդառնան: Խոտերը, ծաղիկները եւ ծառերը կսկսեն ավելի վաղ ծաղկել եւ ավելի շատ ծաղկափոշի կարտադրեն (ըստ գիտնականների՝ 200 տոկոսով): Բացի այդ, մինչեւ այս դարի վերջ գարնանը ծաղկափոշու արտանետումները կարող են մինչեւ 40 օր շուտ սկսվել, քան 1995-2014 թթ.: