Սահարայի փոշին կուժեղանա Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկնքում եւ նույնիսկ «արյան անձրեւ» կբերի։

Բազմաթիվ արբանյակային լուսանկարներում երեւում է, որ Սահարայի փոշու մեծ շագանակագույն շերտը, որը ծածկում է Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի մեծ մասը, օդի որակի հետ կապված խնդիրներ է առաջացրել:

Աֆրիկայի հյուսիսարեւմտյան ափերի մոտ «Սելիա» փոթորկի առաջացրած ուժեղ քամիները Սահարա անապատից փոշին մթնոլորտ են բարձրացրել: Այնուհետեւ հարավային քամիները այն քշել են հյուսիս՝ դեպի Եվրոպա՝ տարօրինակ պատկեր ստեղծելով ողջ տարածաշրջանում:

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) հրապարակած տեսանյութը ցույց է տալիս ահավոր տեսարան Իսպանիայի լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ ձյունը ավազի տեսք ունի, իսկ երկինքը վառ նարնջագույն փայլ է արձակում:

ՀՕԿ-ը նաեւ լուսանկար է հրապարակել Շվեյցարիայից, որտեղ ձյունածածկ լեռները ժանգոտ նարնջագույն երանգ ունեն, ինչը կտրուկ կոնտրաստ է ստեղծում այս տարածաշրջանին բնորոշ անարատ սպիտակ ձյան հետ:

Եվրոպայում պայծառ մայրամուտներ կարելի է սպասել՝ կապված այն բանի հետ, որ փոշու մասնիկները ցրում են արեւի ճառագայթները։

Քանի որ օդում այնքան փոշի կա, որ կարող է փոխել Արեւմտյան Եվրոպայի բնական լանդշաֆտի երանգները, օդի որակը նույնպես ակնհայտ մտահոգություն է առաջացնում:

Իսպանիան, Ֆրանսիան եւ Պորտուգալիան հատկապես օդի որակի վատթարացման վտանգի տակ են՝ փոշու ամենաբարձր ծավալի պատճառով։