Infalurt ընկերությունը մեքենայում մոռացված երեխաներին փրկելու խելացի համակարգ է ներկայացրել։ Մանկական նստարանի տակ գտնվող կոնդենսիվ հաղորդիչը ծնողներին կհիշեցնի, որ երեխան մեքենայի մեջ է մնացել, գրում է Hi-Tech-ը։

Մեքենայում մնացած երեխաների խնդիրը հատկապես արդիական է շոգ կլիմա ունեցող երկրների համար։ Ավստրալիայում ամեն տարի բարձր ջերմաստիճանից մահվան վտանգի տակ գտնվող մի քանի հազար երեխա են գտնում մեքենաներում։ KidsAndCars.org կայքի տվյալներով՝ միայն 2021թ․ ԱՄՆ-ում մեքենայում մոռացված 23 երեխա է մահացել։ Հարավային Ֆլորիդայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Դեւիդ Դայմոնդն իր ուսումնասիրության մեջ ցույց է տվել, որ այս ողբերգությունների պատճառը ոչ թե վատ ծնողներն են, այլ ֆիզիոլոգիան, մեր հիշողության մեջ համակարգային սխալները:

Դայմոնդն ասում է, որ մենք ունենք «հեռանկարային հիշողություն», որը պահպանում է պլանավորված գործողությունների մասին տեղեկատվությունը: «Երբ մենք սովորական գործողություններ ենք կատարում, օրինակ՝ գնում ենք սովորական երթուղիներից մեկով, մեզ վերահսկում է ավտոպիլոտը։ Այս իրավիճակում միայն հեռանկարային հիշողությունը կարող է հիշեցնել ոչ ստանդարտ գործողություն կատարելու անհրաժեշտության մասին, նշում է Դայմոնդը,- Ցանկացած շեղող իրադարձություն, ընդհանուր հոգնածություն կամ սթրես կարող է հանգեցնել հիշողության մեջ տեղեկատվության կորստի: Ավելին, որոշ ծնողների մոտ թյուր տպավորություն է ստեղծվում, թե երեխային, օրինակ, դպրոցի մոտ են իջեցրել, թեեւ իրականում նա մնացել է մեքենայում»։