Շվեդիայի Westernorrland թանգարանում նոր ցուցանմուշներ են հայտնվել՝ նվիրված 4000 տարի առաջ մարդկանց կյանքին։ Դրա կարեւոր մասը «Լագմանսորենից կնոջ» հմուտ վերականգնումն է, որի կմախքը հայտնաբերվել է 1923թ․ տեղական ճանապարհ կառուցելիս: Դատաբժշկական փորձագետ Օսկար Նիլսոնը եւ հնագետ Հելենա Գերումը վերականգնել են քարե դարի կնոջ արտաքինը՝ դրան նախկինում անհայտ բազմաթիվ մանրամասներ ավելացնելով, գրում է «Տեխկուլտը»։
Այս կմախքն աչքի է ընկնում նրանով, որ նրա վրա չկան ծանր կյանքի կամ հիվանդությունների հետքեր, իր կյանքի ընթացքում այս կինը ակնհայտորեն առանձնահատուկ տառապանքների չի ենթարկվել։ Նա նաեւ լավ է սնվել, քանի որ միգրանտ ֆերմերներից է եղել, ինչի մասին վկայում է աճեցվող բուսական արտադրանքին բնորոշ իզոտոպների մնացորդների առկայությունը: Ավաղ, ԴՆԹ-ն չի պահպանվել, եւ մենք միայն գիտենք, որ կինը մահացել է մոտ 30 տարեկան հասակում եւ ընդամենը 150 սմ հասակ է ունեցել։
Կմախքի վրա չկան ձեռքի ծանր աշխատանքի հետքեր, ուստի Նիլսոնը մոդելի կազմվածքը կատարյալ է դարձրել, իսկ դիմագծերը՝ նուրբ: Նա, ամենայն հավանականությամբ, ազատ ժամանակ եւ քարե դարի չափանիշներով որոշակի հարստություն է ունեցել, քանի որ կնոջ մազերը համեմատաբար երկար են եւ խնամված: Եվ նա, անշուշտ, կարողացել եւ ցանկացել է լավ հագնվել, ուստի նրա հավանական զգեստը պատրաստվել է տարբեր կաշիներից եւ մորթու տեսակներից։
Մոդելը ստեղծելիս Գերումը օգտագործել է քարայծի, սամույրի եւ հյուսիսային եղջերուի բնական մորթիներ, որոնք մշակել է քարե դարի տեխնոլոգիաներով։ Ձեւելիս, օրինակ, հաշվի է առնվել վերին մասում կարերի բացակայությունը, այլապես դրանց միջով անձրեւի ժամանակ ջուրը ներս կթափանցեր։ Կնոջ հագուստը չափազանց պրակտիկ է, բայց միեւնույն ժամանակ՝ հարմարավետ ու գեղեցիկ․ այդպիսին քարե դարաշրջանի մարդկանց մենք դեռ չենք տեսել։





























