Շրի Լանկայի ոստիկանությունը կիրակի տեղեկացրել է, որ երկու տղամարդ ընկել եւ մահացել է վառելիքի համար տարբեր հերթերում։ Հերթերը գոյացել են գների սրընթաց աճի պատճառով, ինչը երկրում ռեկորդային գնաճի է հանգեցրել, տեղեկացրել է Reuters-ը։
Ինչպես տեղեկացրել է երկրի ոստիկանության ներկայացուցիչը, մահացողները տարեց տղամարդիկ են եղել։
«Նրանցից մեկը եռանիվ տրանսպորտի 70-ամյա վարորդ էր, հիվանդ սիրտ եւ դիաբետ ուներ, երկրորդը 72 տարեկան էր։ Երկուսն էլ մազութի հերթի մեջ կանգնած էին մնացել մոտ չորս ժամ»,- ասել է իշխանությունների ներկայացուցիչը։
Մի քանի շաբաթ մարդիկ հաճախ ժամերով հերթ են կանգնում պոմպերի մոտ, իսկ երկրում էլեկտրաէներգիայի մշտական անջատումներ են կատարվում։
Կիրակի օրը Շրի Լանկան կանգնեցրել է իր միակ նավթավերամշակող գործարանի աշխատանքը, քանի որ վերջացել են հում նավթի պաշարները, ասել է նավթային արդյունաբերության աշխատողների արհմիության նախագահ Աշոկ Ռանվալը։
Երկրում սկսել են ավելի շատ կերոսին օգտագործել այն բանից հետո, երբ ցածր եկամուտներ ունեցող ընտանիքները սկսել են հրաժարվել գազից՝ գների բարձրացման պատճառով։ Կիրակի օրը երկրում գազի մեծությամբ երկրորդ մատակարարը՝ Laugfs Gas-ը, 12,5 կիլոգրամանոց բալոնի գինը բարձրացրել է 1 395 ռուփիի (4,94 դոլար), նշվել է ընկերության հայտարարությունում։
Հունվարից Շրի Լանկան դոլարի հետ կապված դժվարություններ է կրում անընդհատ թանկացող վառելիքի մատակարարման դիմաց վճարելու համար, իսկ արժույթի պաշարները փետրվարին կրճատվել են՝ հասնելով 2,31 մլրդ դոլարի։
Փետրվարին գնաճը Շրի Լանկայում հասել է 15,1 տոկոսի, ինչը ամենաբարձր ցուցանիշներից է Ասիայում, իսկ մթերքների գնաճը ավելացել է՝ հասնելով 25,7 տոկոսի։ Այս մասին են վկայել կառավարության վերջին տվյալները։





























