Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Ալան Ջոնսոնը խոստովանել է, որ Եղիսաբեթ II թագուհու հետ հանդիպման ժամանակ պատահաբար շան կեր է կերել, հայտնում է The Guardian-ը։

Հետաքրքիր դեպքը նկարագրված է թագավորական կենսագիր Ռոբերտ Հարդմենի «Մեր ժամանակի թագուհին» նոր գրքում։ Դա տեղի է ունեցել 2008թ․, երբ Ջոնսոնին եւ նրա գործընկեր, Ուելսի գործերով նախարար Փոլ Մերֆիին հրավիրել են Վինձոր ամրոցում Մեծ Բրիտանիայի թագուհու հետ ճաշելու:

Ջոնսոնը պնդում է, որ այն ամենից, ինչ մատուցվել է ճաշի ժամանակ, իրեն հատկապես դուր են եկել պանիրն ու տարօրինակ մուգ թխվածքաբլիթները, որոնք բերել է թագուհին։ Նա շարունակել է ուտել դրանք մինչեւ Մերֆին միջամտել եւ բացատրել է, որ թխվածքաբլիթները ոչ թե մարդկանց, այլ շների համար են նախատեսված: Պարզվել է, որ հյուրերի հետ զրուցելիս թագուհին դրանցով իր կորգիներին է կերակրել։

Եղիսաբեթ II-ը 1933-ից, երբ Դուկի անունով շան ձագ է նվեր ստացել, տարվել է շնաբուծությամբ։ Ժամանակին նա պալատում ավելի քան 30 կորգի եւ դորգի (տաքսայի եւ կորգիի խառնուրդ) է պահել։ 1991թ․ բժիշկները նույնիսկ ստիպված են եղել երեք կար դնել Եղիսաբեթ II-ի վրա այն բանից հետո, երբ նա փորձել է բաժանել միմյանց հետ կռվող իր ութ շներին: