Եվրոպական տիեզերական գործակալության Sentinel-5P արբանյակը Չինաստանի օդում մոլորակի համար վտանգավոր մեթանի ամպ է հայտնաբերել, հայտնում է Bloomberg-ը։
Տիեզերքից տեսանելի աղտոտվածությունը առաջին անգամ գրանցվել է երկրի հյուսիսում Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզում գտնվող Մանգլայ ածխահանքի վրա: Ֆրանսիական Kayrros վերլուծական ընկերության տվյալներով՝ այն առաջացել է դրանից 20 կիլոմետր հեռավորության սահմաններում։ Նշվում է, որ աղտոտման պատճառը Manglai Mining Co շահագործող ընկերության կողմից ածխի արտադրության ավելացումն է:
Էներգետիկ ոլորտի Global Energy Monitor վերլուծական ընկերության տվյալներով՝ մինչեւ 2030թ․ ածխահանքերից մեթանի արտանետումները տարեկան 11 տոկոսով պետք է կրճատվեն՝ կլիմայի փոփոխության վատթարագույն հետեւանքներից խուսափելու համար: Սակայն փորձագետները նշում են, որ մոտ ապագայում գլխավոր նպատակը պետք է լինի հանքարդյունաբերական նոր նախագծերի համատարած չեղարկումը, որին պետք է հաջորդի «կեղտոտ» վառելիքից լիակատար հրաժարումը։
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մեծացնում է երկրի կախվածությունը դրանից՝ մտավախություն ունենալով, որ էներգակիրների գների աճը կարող է վնաս պատճառել տնտեսական աճին, եւ անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ «Մենք չենք կարող ազատվել այն ամենից, ինչը մեզ կերակրում է հիմա, մինչեւ այն, ինչը մեզ հետագայում կերակրելու է, դեռ մեր գրպանում չէ»,- ասել է նա: 2022թ․ փետրվարին երկրի իշխանությունները հավանություն են տվել ածխահանքերի 3 մլրդ դոլար արժողությամբ նախագծերին։
Մեթանը վտանգավոր ջերմոցային գազ է, որը կարճաժամկետ հեռանկարում ավելի քան 80 անգամ շատ է ազդում գլոբալ տաքացման վրա, քան ածխաթթու գազը: Չինաստանը հրաժարվել է միանալ մեթանի արտանետումները սահմանափակելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մասնակցությամբ գլոբալ գործընկերությանը, սակայն ասել է, որ աշխատում է արտանետումները նվազեցնելու սեփական ծրագրի վրա: Պետությունը նպատակ է դրել մինչեւ 2030թ․ հաղթահարել ջերմոցային գազերի արտանետումների գագաթնակետը եւ մինչեւ 2060թ․ հասնել ածխածնի չեզոքության։





























