Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են Արեգակին ամենամոտ աստղերից մեկը, որի վրա արեգակնային բծերի ցիկլը կանգ է առել։ Այս օբյեկտի մանրակրկիտ ուսումնասիրությունը կօգնի բացատրել անսովոր ժամանակաշրջանի պատճառները, որը տեւել է 1600-ականների կեսերից մինչեւ 1700-ականների սկիզբը, երբ Արեգակի վրա նման ցիկլերը երկար ժամանակ ընդհատվել են՝ դեռեւս չպարզված պատճառներով, հայտնում է The Astronomical-ը։

Արեգակնային բծերի թիվը նվազում եւ ավելանում է 11 տարվա ցիկլի ընթացքում, սակայն արձանագրվել է անսովոր երկար 70 տարվա շրջան, երբ Արեգակի վրա արեւային բծեր չեն եղել, եւ այսպես կոչված «Մաունդերի նվազագույնի» այս առեղծվածն արդեն 300 տարի անհանգստացնում է գիտնականներին։ HD 166620 աստղը, որն ունի 17 տարվա ցիկլ, այժմ նույնպես թեւակոխել է ցածր ակտիվության երկար ժամանակաշրջան եւ 2003-ից ի վեր աստղային բծերի նշաններ չի ցույց տվել, ասել են Փենսիլվանիայի պետական համալսարանի գիտնականները: Այս աստղի շարունակական դիտարկումները պետք է բացատրեն, թե ինչ է տեղի ունեցել Արեգակի հետ «Մաունդերի նվազագույնի» ժամանակ, ինչպես նաեւ թույլ տան պատկերացում կազմել աստղի մագնիսական ակտիվության աղբյուրների մասին, որոնք ազդում են արբանյակների կենսունակության, գլոբալ հաղորդակցությունների եւ, հնարավոր է, Երկրի կլիմայի վրա:

Ընդհանուր առմամբ, այս հետազոտության ընթացքում մի քանի աստղադիտարանների կողմից 50-60 տարվա ընթացքում ուսումնասիրվել են մոտակա 59 աստղերի ակտիվության վերաբերյալ տվյալները։ Հետազոտողները այս բոլոր աստղերի տվյալների բազա են կազմել, որը պետք է նաեւ օգնի բացատրել արեւային բծերի տատանումները: