ՀՀ կառավարությունը ցանկանում է բարելավել վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակը՝ դրանց դասակարգման եւ մակնշման համատեղ համակարգի ստեղծման ճանապարհով։ Այս մասին մարտի 23-ին ԱԺ նիստում «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվել է դեռեւս 1957թ. սեպտեմբերի 30-ին եւ ուժի մեջ է մտել 1968թ. հուլիսի 29-ից:
Համաձայնագրի նպատակն է բարձրացնել վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակը` սահմանելով վտանգավոր նյութերի դասակարգման եւ պիտակավորման միասնական համակարգեր, ներդաշնակեցնելու այդ նյութերի փաթեթավորման, պիտակավորման եւ դրանց փոխադրման պահանջները, կանխելու վտանգավոր բեռների փոխադրումների ընթացքում մարդկանց կյանքին եւ առողջությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին վնաս հասցնելը:
Համաձայնագրով սահմանված են նաեւ պահանջներ վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների, սարքավորումների կառուցվածքի եւ շահագործման վերաբերյալ:
«Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա օրենսդրորեն կանոնակարգելու եւ վերահսկելու ՀՀ տարածքում վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը, սահմանելու համաձայնագրի պահանջներին համապատասխան փոխադրման օրենսդրական կարգավորումներ, ապահովելու միջպետական համագործակցությունը»,- նշեց Սիմոնյանը։





























