Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կֆինանսավորի Երեւանի համար նոր ավտոբուսների գնումը։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի նիստին ՀՀ կառավարության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսային ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ վերոնշյալ պայմանագրով ֆինանսավորումը 20 մլն եվրո կկազմի։ Վարկի ժամկետը 15 տարի է։ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում WWG International Limited խորհրդատվական ընկերությունը մշակել եւ Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցը, ըստ որի երթուղային ցանցի սպասարկման համար տարբեր հզորությունների 845 ավտոբուս է անհրաժեշտ։ Երեւանի քաղաքապետարանի նոր տրանսպորտային ցանցի շարժակազմի ներդրման ֆինանսական աջակցության հարցը ՎԶԵԲ-ի հետ քննարկվել էր 2019 թվականի գարնանը, որն իր պատրաստակամությունն էր հայտնել աջակցել ավտոբուսների ձեռք բերմանը համապատասխան վարկային պայմանագրի շրջանակներում:
«Նախնական հաշվարկներով՝ ավտոբուսների ամբողջ քանակի ձեռքբերման համար 120-150 միլիոն եվրո կպահանջվի»,- ասաց փոխնախարարը։
Այդպես, ինչպես նշեց Սիմոնյանը, հիմնվելով ավտոբուսների գնման առաջին փուլի ֆինանսավորման (25 մլն եվրո, որից 20 մլն եվրոն ՎԶԵԲ-ի վարկերն են) մասին նախնական պայմանավորվածության եւ տրանսպորտային բարեփոխումների հրատապության վրա, Երեւանի քաղաքապետարանը 2021թ. փետրվարի 1-ին երկփուլ մրցույթ էր հայտարարել Advanced Procurement-ի հետ 12 մետրանոց ավտոբուսների ձեռք բերման համար:





























