Կատարը, «Եվրոպայի հետ համերաշխությունից» ելնելով, գազային պայմանագրերը չի վերաուղղի այլ հաճախորդների, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել հնարավոր ֆինանսական օգուտը, CNN-ին տված հարցազրույցում ասել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ Ալ Քաաբին։
Այնուամենայնիվ, նախարարը մերժել է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ հայտարարելով, որ «էներգիան պետք է դուրս մնա քաղաքականությունից» եւ կրկնել է, որ «գործնականում անհնար է» ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի մատակարարումները Եվրոպա։ Նախարարը նաեւ հայտարարել է, որ Կատարը ռուս-ուկրաինական հակամարտությունում «ոչ մեկի կողմը չի անցնի»։
Այս շաբաթ ավելի վաղ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, այցելել էին Կատար՝ բանակցություններ վարելու Եվրոպա գազի երկարաժամկետ մատակարարումների շուրջ: Կատարի եւ Գերմանիայի միջեւ գազի մատակարարման գործարքի մասին հաղորդագրություններ են հայտնվել, սակայն Կատարի նախարարը, հերքել է, որ գործարք է կնքվել:
«Մենք դեռ չենք պայմանավորվել Գերմանիայի հետ երկարաժամկետ համաձայնագրի շուրջ, սակայն պատրաստ ենք ընկերությունների հետ քննարկել հնարավոր երկարաժամկետ համաձայնագիրը։ Սա առեւտրային համաձայնագիր է առեւտրային սուբյեկտների միջեւ»,- ասել է Ալ-Քաաբին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անցած շաբաթ այցելել էր Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ՝ փորձելով երկու երկրներին համոզել ավելացնել նավթի մատակարարումները՝ չնայած Ռուսաստանի հետ նավթի մատակարարումները սահմանափակող համաձայնությանը: Պարսից ծոցի երկու երկրները պահուստային հնարավորություններ ունեն, որպեսզի նվազեցնեն նավթի գլոբալ դեֆիցիտը, սակայն երկուսն էլ մինչ այժմ հավատարիմ են մնում Ռուսաստանի հետ ՕՊԵԿ+-ի գործարքին:
Կատարը, որը հարեւան երկրների հետ դիվանագիտական վեճից հետո 2019թ․ դուրս է եկել ՕՊԵԿ-ից, հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ կարտել: Սակայն Ալ-Քաաբին շարունակել է աջակցել մատակարարման շղթայի գործողություններին՝ պլանը անվանելով «շատ խելամիտ»:





























