Մարդու արյան մեջ առաջին անգամ միկրոպլաստիկ է հայտնաբերվել: Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդու օրգանիզմում միկրոպլաստիկի հայտնաբերման երկարաժամկետ հետեւանքները «դեռ հայտնի չեն», գրում է Sky News-ը։
Հոլանդացի գիտնականները պարզել են, որ 22 կամավորներից 17-ի կամ 77 տոկոսի արյան մեջ «քանակաչափելի» միկրոպլաստիկ է առկա: Մակարդակները ցածր էին՝ միջինում 1.6 միկրոգրամ (գրամի 1.6 միլիոներորդ մասը) յուրաքանչյուր միլիլիտր արյան մեջ: Բայց արյան մեջ միկրոպլաստիկի առկայությունը՝ առօրյա իրերի բեկորների առկայությունը, մեծ նշանակություն ունի։
Հայտնաբերված ամենատարածված պլաստիկը պոլիէթիլենտերեֆտալատն էր, որն օգտագործվում է ըմպելիքների շշերի պատրաստման համար: Environment International ամսագրում հրապարակված արդյունքների համաձայն՝ այն հայտնաբերվել է կամավորների 50 տոկոսի մոտ։
Պոլիստիրոլը, որը լայնորեն կիրառվում է սննդամթերքի փաթեթավորման մեջ, հանդիպել է 36 տոկոսի մոտ, իսկ պոլիէթիլենը, որն օգտագործվում է տոպրակների մեւ՝ 23 տոկոսի դեպքում։
Vrije Universiteit Amsterdam-ի եւ Ամստերդամի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողներն ասում են, որ միկրոպլաստիկները, ամենայն հավանականությամբ, ներշնչել կամ կուլ են տվել:
Բժիշկ Էլիս Հորթոնը, ով ուսումնասիրում է «մարդածին աղտոտիչները» Մեծ Բրիտանիայի Ազգային օվկիանոսագիտական կենտրոնում, ասել է, որ «դա անհանգստացնող բացահայտում է՝ հաշվի առնելով, որ լաբորատորիայում ապացուցվել է, որ այդ չափի մասնիկները բորբոքում եւ բջիջների վնասում են առաջացնում փորձարարական պայմաններում:
«Այս հետազոտությունն ապացուցում է, որ պլաստիկ մասնիկները ոչ միայն տարածվել են ամբողջ շրջակա միջավայրում, այլեւ ներթափանցում են մեր մարմին: Դրա երկարաժամկետ հետեւանքներն առայժմ հայտնի չեն»։





























