Ելոուսթոունի կալդերայի տակ նախկինում քողարկված ջրանցքներ են հայտնաբերվել, փոխանցում է Nature-ը:

ԱՄՆ հարավարևմտյան շրջանում՝ Ելոուսթոունյան ազգային պարկի տարածքում, հրաբխային կալդերա (կաթսայաձև փլվածքային ծագում ունեցող իջվածք` խմբ.) է գտնվում, որը հաճախ սուպերհրաբուխ են անվանում: Վերջին անգամ այդ հրաբուխը ժայթքել է 640 000 տարի առաջ, եւ այդ պահից ի վեր ակտիվությունը հիմնականում դրսեւորվում է տաք ջրի եւ գոլորշու կանոնավոր ժայթքումներով:

Ուղղաթիռում տեղակայված SkyTEM312 սարքավորման միջոցով գիտնականները կարողացել են քարտեզագրել ուղիները, որոնցով ջուրը վերեւ է բարձրանում: Այդ սարքը ցածր հաճախականության էլեկտրամագնիսական ազդակներ է ուղարկում երկիր, եւ մեկնաբանելով մակերեսի տարբեր հատվածներից ստացված արձագանքները՝ կարելի է հասկանալ, թե ինչ է գտնվում ներքեւում:

Արդյունքում Վիրջինիայի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ այգու տակ՝ հարյուրավոր մետրեր խորությամբ, կավապատ ջրանցքներ են գտնվում, որոնք անցնում են հրաբխային ապարների խզվածքների երկայնքով: Այդ ջրանցքներով ստորգետնյա ջրեր են հոսում, որոնք խառնվում են կալդերայի ավելի տաք վայրերից հոսող ջրերին:

Այդ տվյալները կօգնեն գիտնականներին հասկանալու հրաբխի անցյալը, ինչպես նաեւ կանխատեսելու դրա հետագա հնարավոր ժայթքումները: