ԱՄՆ Ինդիանա նահանգի հինգերորդ դասարանցիները որոշել են ուրիշներին մի փոքր երջանկություն պարգեւել հատուկ «թեժ գծի» օգնությամբ, որը կոչվում է «Երբ կյանքը ձեզ կիտրոններ է տալիս, զանգահարեք հինգերորդ դասարանցուն», գրում է UPI-ն։

Վավասիի Միլֆորդի դպրոցի հինգերորդ դասարանի ուսուցչուհի Շերիլ Վան Լաքենը կարծում է, որ իր եւ երեխաների մոտ հեռախոսագծի ստեղծման գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ կարդացել են Կալիֆոռնիայում նմանատիպ մանկապարտեզի նախագծի մասին:

«Աշխարհն իսկապես քաոսային է, այն մի տեսակ մռայլ է,- ասել է Վան Լաքենը WSBT-TV-ին տված հարցազրույցում,- Հիմա դժվար է լավ նորություններ գտնել երեխաներին հաղորդելու համար: Ես իմ երեխաներին սովորեցնում եմ լինել դրական եւ լավ բաներ անել այլ մարդկանց համար, եւ դա շատ հեշտ միջոց է երեխաներին ստիպելու մտածել իրենց շրջապատող մարդկանց մասին»:

Հեռախոսային 574-832-4965 գիծը իր «պացիենտների» հարցերին պատասխանների անգլերեն եւ իսպաներեն հինգ տարբեր տարբերակներ է առաջարկում՝ ներառյալ կատակներ, խորհուրդներ եւ ոգեշնչող մեջբերումներ:

Կա նաեւ գործառույթ նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են իմանալ, թե ինչպես է անցնում հինգերորդ դասարանցիների ուսումը: