Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռներից եւ նավերից գերճշգրիտ զենքի հասցված հարվածներով ուկրաինական ռազմական կառույցներ են ոչնչացվել Կիեւի եւ Լվովի շրջանում, փոխանցում է Интерфакс-АВН-ը:
«Մարտի 26-ին գերճշգրիտ հեռահար զենքով ոչնչացվել է Լվով քաղաքի վառելիքի խոշոր բազան, որը վառելիքով էր ապահովում ուկրաինական զորքերին Ուկրաինայի արեւմտյան մարզերում, ինչպես նաեւ Կիեւի մոտակայքում»,- հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Գերճշգրիտ թեւավոր հրթիռներով Լվով քաղաքում ոչնչացվել են Լվովի ռադիովերանորոգման գործարանի արտադրամասերը: Տվյալ ձեռնարկությունում իրականացվում է «Տոր» եւ Ս-125 զենիթային հրթիռային համալիրների, Ուկրաինայի օդուժի ռադիոլոկացիոն կայանների, ՌԷՊ միջոցների եւ տանկերի նշանոցների հիմնանորոգում եւ արդիականացում»,- ասել է Կոնաշենկովը կիրակի կայացած ճեպազրույցում:
«Ծովային տեղակայման ճշգրիտ հեռահար զենքով ոչնչացվել է Ս-300 եւ «Բուկ» զենիթահրթիռային համալիրների պահեստը Պլեսեցկոյե բնակավայրում, որը գտնվում է Կիեւ քաղաքից 30 կմ դեպի հարավ-արեւմուտք»,- հավելել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:
Նա հայտարարել է, որ ՌԴ Զինված ուժերը շարունակում է հարձակողական գործողություններն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների շրջանակում:
«Վերջին մեկ օրում օպերատիվ-մարտավարական եւ բանակային ավիացիայի կողմից խոցվել է Ուկրաինայի 67 ռազմական կառույց»,- հայտնել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ռուսական ավիացիայի հարվածներին, մասնավորապես, ենթարկվել են երկու ուկրաինական հրամանատարական կետ, զինամթերքի եւ սպառազինման երեք դաշտային պահեստ, ուկրաինական ԶՈՒ ստորաբաժանումների 11 հենակետ եւ ռազմատեխնիկայի կուտակման 20 շրջան:
«Ռուսական ՀՕՊ միջոցներով գիշերվա ընթացքում 18 ուկրաինական անօդաչու է ոչնչացվել Նովայա Բասանի, Պեսկիի, Բորիսպոլի, Շչորսի, Վիշնյովայայի, Կրյուկովկայի, Պետրովսկի օդային տարածքներում»,- ասել է Կոնաշենկովը:





























