Վիետնամցին փորձել է փչովի նավակով հասնել Հնդկաստանի ափ՝ կնոջը գտնելու համար, գրում է Indian Express-ը։ Նա պետք է հաղթահարեր 2000 կմ, սակայն նրա պլանները խափանել են Թաիլանդի առափնյա պահպանության աշխատակիցները։

Վիետնամի բնակիչ Հո Հոանգ Հունգը որոշել է գտնել իր կնոջը, որը 2020-ից Հնդկաստանում է։ Ինքնաթիռի տոմս գնելու գումար չունենալու պատճառով տղամարդը որոշել է փչովի նավակով լողալ կնոջ մոտ։ Սակայն ճանապարհորդությունն ավարտվել է, երբ նա հասել է Թաիլանդ։

Տեղի ոստիկանները, որոնք ձերբակալել են Հունգին, պարզել են, որ նրա նավակը նավիգացիոն սարքավորումներ չունի, եւ սնունդն ու ջուրը չեն բավականացնի այդքան երկար ճամփորդության համար։ Վիետնամցին սպաներին ասել է, որ ինքն արդեն 18 օր ծովում է։

Հաղորդվում է, որ երբ ոստիկանները Հունգին բերման են ենթարկել, նրան արգելել են շարունակել ճանապարհը: Տղամարդուն առաջարկվել է ժամանակավոր կացարան, մինչեւ իշխանությունները կորոշեն, թե ինչպես օգնել նրան վերամիավորվել կնոջ հետ: