Ուկրաինայում Ռուսաստանը մի քանի խնդիր է լուծում հետեւյալ բանաձեւով՝ պարտադիր չէ որեւէ որոշակի տարածք գրավել, այլ պետք է ոչնչացնել այդ երկրի բանակը։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ին, TALK TIME հաղորդմանը տված հարցազրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Բացի այդ, Մոսկվան ոչնչացնում է ուկրաինացի օլիգարխների ունեցվածքը, որոնց հետ Ռուսաստանը փորձում էր բանակցել 10 տարի։ Հենց այս երկու բանն է անում Մոսկվան՝ համարելով, որ մնացածըն իրեն հեշտությամբ կհաջողվի։ Ուկրաինան չկայացած պետություն է, որտեղ հենց այդ օլիգարխներն էին որոշում հարցերը։
Ռուսաստանը հրապարակային չի էլ հայտարարել, թե ինչն իր համար հաղթանակ կհամարվի, ինչպիսին կլինի ապագա Ուկրաինան։ Որոշ շրջանակների համար, սրա հետ կապված, պարզություն չկա, եւ դա բավականին լրջորեն խանգարում է, քանի որ հակառակ դեպքում տեղի բնակչությունը կարող էր ավելի հեշտությամբ միանալ ռուսական կողմին։ Շատերի համար իրավիճակը մնում է անորոշ։ Պատկերը կպարզվի 1-2 ամսվա ընթացքում։ Այդ ժամանակ պարզ կդառնա, թե ուր եւ ինչպես է գնում Մոսկվան։ Իսկ մարտական գործողությունները (պարտիզանական եւ այլ բնույթի) կարող են շատ ավելի երկար տեւել»,- ընդգծեց վերլուծաբանը։





























