Եթե Վերաքննիչ եւ Վճռաբեկ ատյաններին դիմելուց հետո, այնումենայնիվ, Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել Գորիս համայնքը, ապա արդեն իսկ ընտրված ավագանին իր կազմից կընտրի նոր համայնքապետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Այստեղ նոր ընտրությունների կամ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին խոսք լինել չի կարող, քանի որ կա ընտրված ավագանի։ Այլ հարց, եթե ենթադրենք ավագանին չկարողանա ընտրել նոր համայնքապետ։ Բայց Առուշ Առուշանյանի՝ համայնքը չղեկավարելու սցենարը վատագույնն է, որովհետեւ դեռ պետք է սպառվեն Վերաքննիչ եւ Վճռաբեկ ատյանները»,- նշեց Վարդեւանյանը։

Ըստ Վարդեւանյանի՝ բոլոր դեպքերում այս հարցը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր՝ մարտի 28-ին հրապարակեց Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանն արդարացվեց ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։

Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածով, 113-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ կիրառվեց ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 6 ամիս 18 օր ժամկետը։ Նրա նկատմամբ պատիժը պայմանական չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով:

Միաժամանակ որպես պատիժ է նշանակվել նաեւ ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։

Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ի սկզբանե դատավոր Գնել Գասպարյանի վարույթում է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցված քրեական գործը՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ, ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել դրամական աջակցությունը։ Սույն գործի շրջանակներում հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, ապա կալանավորվել, իսկ օրեր անց՝ դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվել։ Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ է ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։ Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: