Տեխասի համալսարանի (Օսթին) ամերկացի գիտնականները պարզել են, որ սնկի մի տեսակ կա, որն օգնում է արդյունավետորեն ոչնչացնել այսպես կոչված Ռեսբերի կատաղի մրջյունների մեծ բազմությունը՝ չվնասելով այլ տեսակներին։ Այս մասին պատմող հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Nylanderia fulva կատաղի մրջյունները ինվազիվ տեսակ են, որոնք վերջին տարիներին մեծ խնդիրներ են ստեղծում ամերիկյան մի շարք նահանգներում։ Նրանց դեմ սովորական միջոցներով պայքարել չի հաջողվում, լարվող «ծուղակները» չեն գործում, «գերմրջյունները» պեստիցիդների նկատմամբ զգայուն չեն, նրանց «շարասյուներին» հավելյալ դիմացկունություն է հաղորդում միանգամից մի քանի «առաջնորդների» առկայությունը։ Nylanderia fulva-ն հեշտությամբ դուրս է մղում տեղի միջատներին եւ հարձակվում է փոքր կենդանիների վրա, կարող է խեղդամահ անել ճուտիկին կամ կուրացնել ճագարին։ Ինչ-որ պատճառով նրանց հրապուրում են էլեկտրական սարքերը, նրանք կարող են կրծել լարերի մեկուսացնող շերտը՝ կարճ միացումներ առաջացնելով։ Այդ դեղնադարչնագույն մրջյունները տարածված են եղել Հարավային Ամերիկայում, իսկ իրենց անվանումն ստացել են անկանխատեսելի շարժումների պատճառով եւ ի պատիվ Թոմ Ռեսբերիի։ Նա միջատների վերահսկման ծառայության աշխատակից է եւ 2002թ. առաջինն է խոսել դրանց հարուցած խնդիրների մասին։
Այժմ Տեխասի համալսարանի հետազոտողները նշել են, թե ինչպես կարելի է այդ միջատների դեմ օգտագործել բնության մեջ հանդիպող Microsporidia nylanderiae սունկը։ Սնկի պաթոգենները սովորաբար վնասում են միջատի ճարպաբջիջները՝ այն վերածելով սպորային ֆաբրիկայի։ Էդվարդ Լեբրունը եւ Ռոբ Փլաուզը ութ տարի առաջ ուսումնասիրել էին Ֆլորիդայում հավաքված մրջյուններին, նրանք նշել են, որ դրանց մի մասի փորը փքված է գիտության համար նոր տեսակ հանդիսացող սնկերի սպորներից։ Պարզ չէ, թե որտեղից է հայտնվել այդ սունկը, գուցե տարածված է եղել նաեւ Հարավային Ամերիկայում՝ այդ մրջյունների բնակության նախնական վայրում, կամ էլ մրջյունների փորում է հայտնվել այլ միջատներից։ Ավելի ուշ Լեբրունը եւ նրա գործընկերները պաթոգեն են հայտնաբերել տեղի՝ Տեխասի կատաղի մրջյունների 15 պոպուլյացիաներում, ընդ որում՝ այդպիսի պաթոգեն ունեցող յուրաքանչյուր պոպուլյացիա նկատելիորեն կրճատվել է, իսկ պոպուլյացիաների 62 տոկոսը՝ լիովին անհետացել։
Հետազոտողները նման ախտանշաններ հայտնաբերել են կրակե մրջյունների մոտ, որոնք վարակվել էին սնկերի այլ տեսակներից։ Դրանք վնասել էին մրջյունների ճարպաբջիջները եւ ավելի մեծ թվով սպորներ առաջացրել։ Բայց կատաղի մրջյուններին ախտահարող սնկերը լրիվ մի ինչ-որ նոր բան են, եւ դա թույլ է տալիս ենթադրել, որ դրանցով կարելի է վարակել միայն այդ մրջյուններին՝ չվնասելով մյուս տեսակներին։ Մրջյունների դեմ նոր «կենսաբանական զենքը նախատեսվում է փորձարկել այս գարնանը՝ Տեխասում այդ միջատից ամենից շատ տուժած տարածքներում։





























