Ներկայումս չկա որեւէ ապացույց, որ Եվրոպան գնում է դեպի ստագֆլյացիա, որը բարձր ինֆլյացիայի, ոչ մեծ տնտեսական աճի կամ դրա բացակայության եւ գործազրկության բարձր մակարդակի համադրությունն է: Այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, հայտնում է AP-ն։

Նրա խոսքով՝ ներկայումս «մենք չունենք ստագֆլյացիան բնութագրող երկու տարր»՝ ձգձգվող ռեցեսիա եւ շարունակական ինֆլյացիա։

Լագարդն ասել է, որ թեեւ ինֆլյացիան այս տարի «անկասկած» կաճի վառելիքի եւ պարենային ապրանքների բարձր գների պատճառով, բանկը չի կանխատեսում, որ այն կշարունակի աճել եւ ի վերջո կնվազի մինչեւ «2 տոկոսի մեր թիրախը»:

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով պայմանները «խիստ անկայուն» են մնում, եւ բանկը մշտապես վերանայում է տարբեր սցենարներ, թե ինչի կարող են հանգեցնել իրադարձությունները։

Նա վստահություն է հայտնել, որ բանկը մինչեւ հունիսին կառավարման խորհրդի պլանավորված նիստը կվերլուծի տվյալները՝ իրավիճակը վերագնահատելու համար։