Journal of Geophysical Research. Earth Surface ամսագրում հրապարակվել է Կոռնելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականի կողմից կատարված հետազոտությունը, որի ընթացքում պարզվել է, որ ավազաթմբերը շարժվում, աճում, փոխազդում են միմյանց հետ եւ նույնիսկ «շնչում» են, փոխանցում է BFM-ը։

Հետազոտության իրականացման համար փորձագետներն գերզգայուն զոնդ են օգտագործել, որը ստեղծվել է մի քանի տասնամյակների ընթացքում։ Նրանք պարզել են, որ ավազաբլուրները կանոնավոր կերպով նվազագույն քանակությամբ ջրային գոլորշի են «շնչում» եւ «արտաշնչում»: Երբ ավազը չոր է, ավելի դժվար է «շնչել», բայց ավազի մակերեւույթի վրայով փչող քամին քշում է վերին շերտը՝ մակերեսային խոնավության եւ ճնշման արագ փոփոխություն առաջացնելով: Այնուհետեւ մթնոլորտից «խոնավության անցողիկ ալիքները» ներքեւ են թափվում։

Զոնդը, որը 2 օրվա ընթացքում 2.7 վայրկյանը մեկ սուզվում էր Կատարի անապատի ավազաթմբերի մեջ, հսկայական քանակությամբ տվյալներ է հավաքել։ Չափվել են ջերմաստիճանը, խոնավությունը, ֆոնային ճառագայթումը, եւ բոլոր չափումները տեւել են ոչ ավելի, քան 20 վայրկյան եւ կատարվել են միլիմետրային սանդղակով: Միացնելով քամու արագության եւ ուղղության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի խոնավության եւ ջերմաստիճանի վերաբերյալ ստացված տվյալները՝ գիտնականները պարզել են անապատում ավազի վարքագծի առանձնահատկությունները։

Փորձագետները պարզել են, որ, ի տարբերություն ջերմության, որն անցկացվում է հենց ավազահատիկների կողմից, ջրի գոլորշիները ներթափանցում են դրանց միջեւ եւ այդպիսով ներս են մտնում: «Քամին փչում է ավազի վրայով եւ արդյունքում ճնշման լոկալ անհավասարակշռություն է ստեղծում, որը բառացիորեն ստիպում է, որպեսզի օդը մտնի եւ դուրս գա ավազի միջից: Այսպիսով, ավազը շնչում է կենդանի օրգանիզմի նման»,- բացատրում են գիտնականները։ Այս գործընթացը, հավանաբար, թույլ է տալիս միկրոօրգանիզմներին ջրի բացակայության դեպքում ապրել ավազների խորքում: Սարքը գրանցել է նվազագույն գոլորշիացումն ավազի մակերեսին, այնպես որ, ստացվում է, որ այն ինչ-որ կերպ պահպանում է խոնավությունը։ Գիտնականներն ասում են, որ իրենց սարքի օգնությամբ կարելի է ջուր փնտրել այլ մոլորակների վրա, նույնիսկ եթե դրա գոյության տեսանելի նշաններ չկան։