Ամազոնի արեւադարձային անտառը մոլորակի արեւադարձային անտառն է, որը գոյություն ունի առնվազն 55 միլիոն տարի: Այն մի քանի սառցե դարաշրջաններ եւ տաքացման ժամանակաշրջաններ է վերապրել եւ պահպանել է իր կայունությունը: Սակայն մարդկային ազդեցությունը, կլիմայի փոփոխության հետ միասին, զգալիորեն նվազեցնում է այդ ճկունությունը, ինչի հետեւանքով անտառը կորցնում է վերականգնվելու ունակությունը, գրում է Nature Climate Change ամսագիրը:
«Մենք գաղափար ունեինք, որ կարող ենք տեսնել կայունության կորուստն Ամազոնի մի քանի տարածքներում, բայց ոչ այնքան, որքան տեսանք,- ասում է Մեծ Բրիտանիայի Էքսեթերի համալսարանի հետազոտող եւ հետազոտության առաջատար հեղինակ Քրիս Բուլթոնը:- Սա մոդելային ուսումնասիրության արդյունք չէ, որը մեզ ինչ-որ բան է ասում ապագա փոփոխությունների մասին, որոնք դեռ շատ հեռու են որոշ մարդկանց համար, դա ցույց է տալիս, որ արեւադարձային անտառն այժմ սթրեսի մեջ է»: Գիտնականները պարզել են, որ վերջին 20 տարվա ընթացքում արեւադարձային անտառների 3/4-ը կորցրել է կայունությունը, եւ դա հանգեցնում է նրան, որ երաշտներից կամ հրդեհներից հետո այն վերականգնվելու հնարավորություն չունի։ Վիճակը հատկապես կրիտիկական է այն վայրերում, որտեղ մարդն ակտիվորեն տնտեսական գործունեությամբ է զբաղվում մոտակայքում կամ ցածր տեղումներով վայրերում:
Ամազոնն ինքն է արտադրում իր անձրեւի մեծ մասը: Հետազոտություններից մեկն արեւադարձային անտառը որպես «ցամաքի վրա ամենաբարդ ինքնավար անձրեւ արտադրող համակարգ» է որակել: Ջուրը գոլորշիանում է տերեւների մակերեսից, այնուհետեւ բարձրանում է օդ, որտեղ խառնվում է իր մեջ պարունակվող խոնավությանը եւ նորից թափվում որպես անձրեւ։ Քանի որ անտառը հատվում է, անտառային հրդեհների ժամանակ դրա մի մասն այրվում է, տերեւների մակերեսը զգալիորեն նվազում է եւ գոլորշիացված խոնավության քանակը կրճատվում է, ինչը նշանակում է, որ խոնավության քանակը եւ, համապատասխանաբար, անձրեւները նվազում են։ Երաշտը նոր անտառային հրդեհների է հանգեցնում, եւ ամեն ինչ միայն վատթարանում է։ 2020 թվականին, մասնագետների տվյալներով, բրազիլական Ամազոնում 2.2 միլիոն հեկտար անտառ է այրվել, իսկ դրանց հատումն ամենաբարձր մակարդակին է հասել 2006 թվականից ի վեր։





























