Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը նյութ է հրապարակել ուսումնասիրության արդյունքների մասին, որում գիտնականները եկել են եզրակացության, որ սարդերն օգտագործում են իրենց ցանցը որպես շատ զգայուն սենսոր, որը ձայներ է որսում։ Ամենայն հավանականությամբ, այս ունակությունն օգնում է սարդերին նախապես իմանալ որսի կամ գիշատիչների մոտենալու մասին, հաղորդում է BFM-ը։

Գիտնականներին նախկինում եւս հայտնի է եղել, որ սարդերն արձագանքում են իրենց ցանցում վիբրացիային, որը ազդանշում է, օրինակ, պոտենցիալ որսի մասին: Այնուամենայնիվ, նոր աշխատանքն ընդլայնել է գիտնականների պատկերացումները եւ ցույց տվել, որ երբ սարդերը ձայներ են լսում, նրանք արձագանքում են դրանց՝ շրջվելով ձայնի ուղղությամբ։

Փորձերի ընթացքում գիտնականները սարդերին տեղավորել են խցիկի մեջ, որտեղ կողմնակի ձայները չեն թափանցել: Սարդի արձագանքը դիտարկելու համար 3 ​​մետր հեռավորությունից ձայնային ազդանշան է տրվել։ Պարզվել է, որ սարդերը արձագանքում են մինչեւ 68 դԲ ձայնի մակարդակին: Ավելի բարձր ձայնի դեպքում սարդերն այլ կերպ են վարվել։ Այնուհետեւ գիտնականները ձայնի աղբյուրը տեղադրել են տարբեր անկյուններում: Պարզվել է, որ սարդերը 100 տոկոսով ճշգրիտ որոշել են, թե որտեղից է գալիս ձայնը: Պարզվել է նաեւ, որ սարդոստայնը ձայն է փոխանցում գրեթե առավելագույն ֆիզիկական արդյունավետությամբ լայն հաճախականությունների միջակայքում: Հետազոտությունը թույլ կտա ինժեներներին ստեղծել չափազանց զգայուն միկրոֆոններ՝ լսողական սարքերում եւ բջջային հեռախոսներում օգտագործելու համար: