Շրի Լանկայի իշխանություններն ուրբաթ արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրում՝ հասարակական անկարգությունների պատճառով: Այս մասին ասվում է երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի հրամանագրում:

Արտակարգ դրությունը սահմանվել է «հասարակական անվտանգության, հասարակական կարգի պահպանման եւ կյանքի համար անհրաժեշտ իրերի մատակարարումների ու ծառայությունների մատուցման անխափանության ապահովման համար», ասվում է փաստաթղթում:  

Երկրում բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ տնտեսական ճգնաժամի ֆոնին, որն ուժեղացել է 2021 թ. վերջին: Այն պայմանավորված է համավարակի պատճառով արտասահմանյան զբոսաշրջության կրճատմամբ, ինչն էլ հանգեցրել է երկրի արժութային պահուստների անբավարարությանը: Այդ պայմաններում երկրի իշխանություններն ստիված են եղել կրճատել ներկրման ծավալներն ու ռեսուրսների խիստ խնայողություն սահմանել:

Շրի Լանկայում ցեմենտի, ավտոմեքենաների պահեստամասերի, վառելիքի, սննդամթերքի, առաջին հերթին՝ բրնձի մեծ կարիք կա: Հերթերը բենզալցակայաններում ձգվում են կիլոմետրերով, իսկ մարդիկ երբեմն մի քանի օր են անցկացնում հերթում կանգնած: Նման իրավիճակը հանգեցրել է գնաճի, որի մակարդակն այս տարի չի նվազում 25 տոկոսից: Արտաքին վարկերին եւ տնտեսկան ճգնաժամի դեմ պայքարին խոչընդոտում է Շրի Լանկայի արտաքին պարտքը, որը կազմում է 35 մլրդ դոլար: