Բանակի գեներալ Մայքլ Կուրիլան ապրիլի 1-ից ստանձնել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը՝ պաշտոնապես փոխարինելով ծովային հետեւակի գեներալ Քենեթ Մակքենզի կրտսերին, հայտնում է Air Force Magazine-ը:

Կուրիլայի՝ Կենտրոնական հրամանատարության ղեկավարի պաշտոնի ստանձնումն առանցքային պահի է տեղի է ունենում Միացյալ Նահանգների համար:
Վերջին շրջանում Պենտագոնն ավելի ու ավելի հաճախ է շեշտում, որ մրցակցությունը Չինաստանի հետ «մարտահրավեր է պետության համար», եւ «Ուկրաինա ներխուժումը կրկին ուշադրություն է հրավիրել Եվրոպայից եւ Ռուսաստանից բխող սուր սպառնալիքի վրա»: Աֆղանստանում ավելի քան 20 տարվա պատերազմից հետո ԱՄՆ-ն հեռացավ այնտեղից՝ կրճատելով իր ներկայությունը տարածաշրջանում։

Չնայած այդ ամենին, Կուրիլայի կարծիքով, ԱՄՆ-ն «պետք է կատաղի եւ ակտիվ մնա Կենտրոնական հրամանատարության 21 երկրներում»։

Կուրիլան նաեւ փաստարկներ է ներկայացրել առ այն, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պետք է շարունակի ներդրումներ կատարել տարածաշրջանում՝ մատնանշելով ինչպես դրա ռազմավարական կարեւորությունը, այնպես էլ ապագա սպառնալիքները:

«Մենք պետք է տարածաշրջանում ուժերի բարենպաստ հավասարակշռություն ապահովենք։ Կենտրոնական հրամանատարությունը պետք է պահպանի անհրաժեշտ ռեսուրսները հայրենիքին սպառնացող վտանգների որոնման, վերացման եւ լիկվիդացման համար, նախքան այդ սպառնալիքները արտաքին օպերացիաներ իրականացնելու կարողություն ձեռք կբերեն, ծովային նեղուցների եւ գլոբալ առեւտրային ուղիների անվտանգության ապահովման, տարածաշրջանով առեւտրի ազատ հոսքի ապահովման համար»,- հայտարարել է Կուրիլան:

Նախքան Կենտրոնական հրամանատարության ղեկավար նշանակվելը Կուրիլան ղեկավարում էր ԱՄՆ բանակի 18-րդ օդադեսանտային կորպուսը, որի առաքելությունն աշխարհի ցանկացած կետում արագ տեղակայումն է: