Վեսթմինսթերի մագիստրոսական դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ որոշումը ապրիլի 20-ին կկայացնի։

«Մագիստրատը Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու որոշում կկայացնի։ Այնուհետեւ հրամանը կուղարկվի Փրիթի Փաթելին (Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար - խմբ.)՝ հաստատման համար: Ասանժի պաշտպանությունը նյութեր կներկայացնի Փաթելին (վերջնաժամկետը՝ մայիսի 18-ին)»,- ասվում է Twitter-ում WikiLeaks-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 50-ամյա Ասանժը 2019-ից պահվում է Լոնդոնի հարավ-արեւելքում գտնվող «Բելմարշ» բանտում՝ WikiLeaks-ի կողմից ավելի քան մեկ տասնամյակ առաջ հսկայական թվով գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ կապված մի շարք մեղադրանքներով:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել էր Ասանժի բողոքն ընդդեմ իրեն լրտեսության մեղադրանք առաջադրելու համար ԱՄՆ արտահանձնելու Բարձր դատարանի որոշման։