Հազարավոր մարդիկ շաբաթ օրը դուրս են եկել Մեծ Բրիտանիայի փողոցներ՝ բողոքելու էներգակիրների գների կտրուկ աճի դեմ, մինչդեռ նախարարների կաբինետը հայտարարել է, որ կառավարությունը չի կարող «ամբողջովին վերացնել» գների բարձրացումը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Բողոքի ցույցերը հետեւել են ուրբաթ օրը էներգակիրների գների սահմանային մակարդակի բարձրացմանը, որի հետեւանքով կենցաղային գազի եւ էլեկտրաէներգիայի միջին վճարը հասցվել է տարեկան 1971 ֆունտ սթեռլինգի (2585 դոլար): Ըստ զեկույցի, հոկտեմբերին հետագա թռիչքը կարող է գինը հասցնել մինչեւ 2600 ֆունտ սթեռլինգի (3410 դոլար):

Ինչպես նշում է The Guardian-ը, հասարակական կազմակերպությունները, ներառյալ Արհմիությունների կոնգրեսը եւ աղքատության դեմ պայքարի արշավները, անհանգստություն են հայտնել փոփոխությունների առնչությամբ եւ ասել են, որ աճող ինֆլյացիայի եւ ցածր աշխատավարձերի պայմաններում մարդիկ կարող են իրենց տները տաքացնելու եւ սննդի միջեւ «անհնար ընտրության» առջեւ կանգնել։

Գների աճը պայմանավորված է էներգակիրների պահանջարկի ավելացմամբ, քանի որ տնտեսությունը վերականգնվում է կորոնավիրուսային համավարակի հետեւանքներից։ Խնդիրը խորացրել է նաեւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչի հետեւանքով որոշ երկրներ դադարեցրել կամ սահմանափակել են ռուսական նավթի ու գազի գնումները։