Ամերիկյան հայտնի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի կողմից 1969թ․ «Ապոլոն 11» առաքելության ժամանակ հավաքված լուսնային փոշու մասնիկները այս ամիս աճուրդի կդրվեն, հայտնում է CNN-ը։

Bonhams աճուրդային ընկերությունը, որը պատասխանատու է վաճառքի համար, նմուշը 800 000-ից մինչեւ 1,2 միլիոն դոլար է գնահատել:

Սա «Ապոլոն 11»-ից լուսնային փոշու միակ հայտնի նմուշն է, որը կարող է օրինական կերպով վաճառվել, ուստի աճուրդի տան համար դրա արժեքը գնահատելը դժվար է, ասել է Bonhams-ի մասնագետ Ադամ Սթեքհաուսը:

Գնային միջակայքը որոշելու համար Սթեքհաուսը ուսումնասիրել է լուսնի փոշու մի քանի այլ նմուշներ, որոնք վաճառվել են, ինչպես նաեւ պատմական իրադարձության նշանակությունը:

Աճուրդը կկայանա միայն ապրիլի կեսին, բայց մարդիկ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում, ասել է Սթեքհաուսը:

«Ապոլոն 11»-ի այս մասունքը հակասություն է առաջացրել դրա տիրոջ եւ ՆԱՍԱ-ի միջեւ:

Արմսթրոնգը Երկիր բերեց լուսնային փոշու տոպրակը, սակայն ՆԱՍԱ-ն կորցրեց այն թանգարաններից մեկին ժամանակավոր օգտագործման համար փոխանցելուց հետո: Այն դարձել է բռնագրավված գույքի մի մասը, երբ տիեզերական թանգարանի տնօրենը դատապարտվել է խարդախության եւ գողության համար։

Արդյունքում 2015թ․ այն աճուրդում ԱՄՆ Մարշալների ծառայության կողմից 995 դոլարով վաճառվել է Իլինոյսի բնակչուհի Նենսի Լի Կառլսոնին։

Ըստ Սթեքհաուսի, նա պայուսակն ուղարկել է ՆԱՍԱ, որպեսզի, այնտեղ պարզեն, թե որտեղից է փոշին: Նրա խոսքով՝ երբ ՆԱՍԱ-ն հասկացել է պայուսակի նշանակությունը, տիեզերական գործակալությունը հրաժարվել է այն վերադարձնել Կառլսոնին։

Կառլսոնը դատի է տվել ՆԱՍԱ-ին եւ հաղթել դատը՝ ստիպելով գործակալությանը վերադարձնել պարկը։

Sotheby's-ի աճուրդը պարկը 2017թ 1,8 մլն դոլարով է վաճառել։

Կառլսոնն այժմ ցանկանում է վաճառել լուսնային փոշով պատված հինգ մետաղական մասերը, որոնք դեռեւս գտնվում են ՆԱՍԱ-ի կոնտեյներում, ասել է Սթեքհաուսը:

Աճուրդային ընկերությունը նյութի անկախ փորձաքննություն է անցկացրել՝ հաստատելու համար, որ այն իսկապես Լուսնից է, ասել է Սթեքհաուսը: