Լիտվան ամբողջությամբ հրաժարվել է ռուսական գազից, հայտնում է երկրի էներգետիկայի նախարարությունը։ Ապրիլի սկզբից Լիտվայի գազատրանսպորտային համակարգը (ԳՏՀ) գործում է առանց Ռուսաստանից գազի ներկրման։ Ի պատասխան՝ «Գազպրոմ»-ը Լիտվայի ԳՏՀ-ի օպերատոր Amber Grid-ին հայտնել է, որ այլեւս մտադիր չէ լիտվա-բելառուսական կապով գազ արտահանել Ռուսաստանից, գրում է «Կոմերսանտը»։

«Մենք ԵՄ առաջին երկիրն ենք, որը անկախության է հասել ռուսական գազի մատակարարումից, եւ դա երկար տարիների հետեւողական էներգետիկ քաղաքականության ու ենթակառուցվածքային որոշումների արդյունք է»,- ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Դայնյուս Կրեյվիսը:

Ռուսական գազից Լիտվայի հրաժարվելը հաստատում են Amber Grid-ի տվյալները։ Դրանք ցույց են տալիս, որ ապրիլի 2-ի դրությամբ լիտվա-բելառուսական կապով ռուսական գազի ներկրումը կազմել է 0 ՄՎտ/ժ։ Լիտվայի գազի բոլոր կարիքները բավարարվում են Կլայպեդայի հեղուկ բնական գազի տերմինալի միջոցով:

«Անհրաժեշտության դեպքում գազը Լիտվա կարող է մատակարարվել նաեւ Լատվիայի հետ գազային հաղորդակցության միջոցով, իսկ մայիսի 1-ից՝ Լեհաստանի հետ գազային հաղորդակցության միջոցով»,- հայտնել է Լիտվայի էներգետիկայի նախարարությունը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը մարտի 29-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն, ինչպես G7-ի երկրները, հրաժարվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։