Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ 48 ժամվա ընթացքում 83 մարդ է ձերբակալվել Լոնդոնից արեւելք գտնվող Էսեքսում, երբ կլիմայի փոփոխության դեմ բողոքող ցուցարարները շրջափակել են նավթային տերմինալները, հայտնում է Reuters-ը։
Extinction Rebellion եւ Just Stop Oil խմբերի հարյուրավոր ակտիվիստներ ուրբաթ օրը սկսել են շրջափակել նավթային տերմինալները Մեծ Բրիտանիայում, իսկ որոշները, որպես իրենց արշավի մի մաս, բարձրացել են լցանավերի վրա, որպեսզի ստիպեն կառավարությանը արագացնել դեկարբոնացման գործընթացը: Էսեքսի ոստիկանությունը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որ 63 մարդ ձերբակալվել է ուրբաթ օրը երեք վայրերում բողոքի ցույցերից հետո: Եվս 20 մարդ շաբաթ օրն է ձերբակալվել։
Ոստիկանության տվյալներով՝ մարդիկ ձերբակալվել են տարբեր իրավախախտումների կասկածանքով։
«Մեր սպաները շարունակում են աշխատել բացառիկ բարդ պայմաններում՝ այս բողոքի ցույցերը անվտանգ եւ արագ ավարտին հասցնելու համար»,- ասել է ոստիկանապետի օգնական Ռեյչել Նոլանը:
Ուրբաթ օրը «Ոչնչացման դեմ ապստամբություն» կազմակերպությունը հայտարարել է, որ ծրագրում է Լոնդոնում ամենօրյա բողոքի ակցիաներով մեծացնել ճնշումը կառավարության վրա:





























