Չինաստանի իշխանությունները քննարկման են ներկայացրել արտերկրում գործարքներ իրականացնող չինական հասարակական ընկերությունների աուդիտի կանոնների փոփոխությունները: Նրանք կարող են փոխել կանոնները, որոնք երկրի իշխանություններն ընդունվել էին 2009 թ. եւ որոնք տեղական վերահսկիչ մարմինը հնացած է համարում, գրում է «Կոմերսանտը»:
2020 թ. դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն՝ արտասահմանյան ընկերություններին կարող են արգելել առեւտուր անել ԱՄՆ բորսաներում, եթե դրանք չկատարեն արտաքին աուդիտի պայմանները, ինչպես դա անում են ամերիկյան ընկերությունները: Բացի այդ, 2020 թ. նոյեմբերին Դոնալդ Թրամփի ստորագրած համաձայնագիրն արգելում է ամերիկացիներին ներդրումներ անել չինական ընկերություններում, որոնք ԱՄՆ տվյալներով՝ աջակցում են չինացի զինվորականներին, հետախուզությանը եւ հատուկ ծառայություններին:
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Նյու Յորքի ֆոնդային բորսան China Mobile, ինչպես նաեւ China Telecom, China Unicom եւ այլ չինական ընկերությունների արժեթղթերի դելիստինգ է իրականացրել: Դրանց մեծամասնությունն արդյունքում որոշում է կայացրել իր արժեթղթերը Չինաստանի առեւտրային հարթակներում տեղակայելու մասին:
Այժմ հայրենական ընկերություններին աջակցելու նպատակով Չինաստանի իշխանությունները որոշել են փոփոխել սեփական կանոնները եւ թույլ տալ արտասահմանյան աուդիտորներին ստուգումներ իրականացնել չինական ընկերությունների ֆինանսական փաստաթղթերում, որոնց բաժնետոմսերը ներկայացված են արտասահմանյան բորսաներում:
Փոփոխությունների շուրջ համընդհանուր քննարկումները կշարունակվեն մինչեւ ապրիլի 17-ը:




























