Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը չի համաձայնել նախագահ Վլադիմիր Զելենսկու կոշտ քննադատության հետ՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելու համար, որի մասին որոշումը 14 տարի առաջ է ընդունվել, գրում է Deutsche Welle-ն։
«Պաշտոնաթող դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հավատարիմ է մնում իր որոշումներին՝ կապված 2008թ․ Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հետ»,- երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, ասել է կառավարության նախկին ղեկավարի ներկայացուցիչը՝ ի պատասխան dpa-ի հարցին:
Միեւնույն ժամանակ, հայտարարության մեջ ասվում է, որ նախկին կանցլերը «լիովին աջակցում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմին վերջ դնելու գերմանական եւ միջազգային ջանքերին՝ հատկապես հաշվի առնելով այն վայրագությունները, որոնք եղել են Բուչայում եւ Ուկրաինայի այլ վայրերում»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մերկելին, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին հրավիրել էր գալ Բուչա եւ «տեսնել, թե ինչի է հանգեցրել Ռուսաստանին զիջումների քաղաքականությունը 14 տարվա ընթացքում»։ Իր պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ուկրաինացի առաջնորդը չի հիշատակել Ֆրանսուա Օլանդին, որը Սարկոզիին փոխարինել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում եւ զբաղեցրել այդ պաշտոնը 2012-2017 թվականներին ու Մերկելի հետ մասնակցել է 2015թ․ փետրվարին Մինսկի համաձայնագրերի շուրջ բանակցություններին։ Dpa-ն չի հստակեցնում, թե արձագանքել է արդյոք Մերկելը այս հրավերին։




























