ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որը նախատեսում է Ռուսաստանում ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները՝ ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս։ Փաստաթուղթը երկուշաբթի հրապարակվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագծվող փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեության իրականացման դեպքում»,- ասված է բացատրական գրության մեջ։
Ներկայումս այս նորմը գործում է Ղրղըզստանի եւ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը ամրագրում է ռուսերենի օգտագործումը որպես պաշտոնական լեզու:




























