Գերմանիայի քիմիական եւ դեղագործական արդյունաբերությունը երեքշաբթի օրը պայմանավորվել է աշխատողներին միանվագ վճարելու մասին եւ հետաձգել աշխատավարձի վերաբերյալ հետագա կոլեկտիվ բանակցությունները՝ վկայակոչելով Ուկրաինայի ճգնաժամի հետեւանքով առաջացած անորոշությունը, հայտնում է Reuters-ը։
Սովորական տոկոսային աճի փոխարեն դեղեր եւ քիմիկատներ արտադրողները համաձայնել են աշխատողներին 1400 եվրո (1534 դոլար) վճարել, ընդ որում որոշակի շեմից ցածր հնարավորություններ ունեցող ընկերությունները՝ միայն 1000 եվրո, ասվում է գործատուների խմբի եւ IG BCE արհմիության առանձին հայտարարություններում:
580 000 աշխատողների աշխատավարձի վերաբերյալ բանակցությունները պետք է վերսկսվեն հոկտեմբերին, հավելել են նրանք:
«Այս պատերազմի հետեւանքները երկար տարիներ մեծ խնդիրներ կստեղծեն մեր ոլորտի համար։ Առավել եւս կարեւոր է, որ սոցիալական գործընկերները մնան միասնական»,- ասել է գործատուների ասոցիացիայի նախագահ Քայ Բեքմանը:
Գերմանիան, որը բնական գազի 40 տոկոս եւ նավթի 25 տոկոս մատակարարումներով կախված է Ռուսաստանից, սատարել է Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին, սակայն խուսափել է մոտ ապագայում էներգակիրների մատակարարումների կրճատման հեռանկարից:
Եթե պատժամիջոցները տարածվեն ռուսական գազի եւ նավթի վրա, Գերմանիան, ամենայն հավանականությամբ, կբախվի կտրուկ անկման, հատկապես կտուժի էներգատար քիմիական արդյունաբերությունը:
Աշխատողների գնողունակությունն արդեն տուժել է բնական գազի եւ նավթամթերքի գների աճի պատճառով մարտին 7,6 տոկոս ինֆլյացիայից, որը ամենաբարձրն է Գերմանիայում վերջին ավելի քան 40 տարվա ընթացքում:




























