Ամերիկյան եւ ճապոնական ավտոարտադրողներ General Motors-ը եւ Honda Motor Co.-ն համատեղ 30 000 դոլարից ցածր արժողությամբ էլեկտրամոբիլների շարք կմշակեն, որոնք մատչելի կլինեն սպառողների լայն շրջանակի համար, գրում է «Ինտերֆաքսը»։

«GM-ը եւ Honda-ն կօգտագործեն իրենց առաջադեմ տեխնոլոգիաները, դիզայնը եւ արտադրության ռազմավարությունը՝ ամբողջ աշխարհում, ներառյալ մեր հիմնական շուկաներում՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում ու Չինաստանում մատչելի ու ցանկալի էլեկտրամոբիլներ ստեղծելու համար»,- ասել է GM-ի գործադիր տնօրեն Մերի Բարրան:

Սպասվում է, որ ընկերությունները զանգվածային արտադրությունը 2027թ․ կսկսեն։ Նրանք ծրագրում են միլիոնավոր հայտնի մեքենաներ, այդ թվում՝ կոմպակտ քրոսովերներ արտադրել։

Նոր տեխնոլոգիաներին սպառողների զանգվածային հարմարվելու գործընթացում առանցքային խնդիր է էլեկտրական մեքենաների մատչելիության աստիճանի բարձրացումը։ Թեեւ նման մեքենաների հանրաճանաչությունն աճում է, այնուամենայնիվ, դրանք հիմնականում հասանելի են բնակչության ավելի հարուստ շերտերին:

GM-ը եւ Honda-ն պայմանավորվել են համագործակցել նաեւ մարտկոցների արտադրության նոր տեխնոլոգիաներ մշակելու գործում՝ էլեկտրաֆիկացման ծախսերը հետագայում նվազեցնելու, վարման տեխնոլոգիաները բարելավելու եւ արտադրության կայունությունը բարձրացնելու համար:

GM-ի ծրագրերի համաձայն՝ ընկերությունը մտադիր է մինչեւ 2025թ․ աշխարհում տարեկան մոտ 2 մլն էլեկտրամոբիլ արտադրել եւ վաճառել։ Honda-ն նախկինում կենտրոնացել էր հիմնականում հիբրիդային մեքենաների վրա, սակայն վերջերս սկսել է ընդլայնել էլեկտրական մեքենաների իր առաջարկը:

Ընկերությունները չեն խոսել նոր գործընկերության ֆինանսական մանրամասների մասին: Սա առաջին դեպքը չէ, երբ GM-ն ու Honda-ն համագործակցում են: Honda-ն նախկինում 750 մլն դոլար է ներդրել GM-ի ինքնակառավարվող տեխնոլոգիների ստորաբաժանման՝ Cruise-ի մեջ: Ընկերությունները համագործակցում են նաեւ մարտկոցների եւ վառելիքով աշխատող մեքենաների արտադրության ոլորտում։

GM-ի բաժնետոմսերը երեքշաբթի օրը Նյու Յորքի սակարկություններում նվազել են 3,8 տոկոսով: Տոկիոյի սակարկություններում Honda-ն 0,6 տոկոսով էժանացել է։