Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները հրապարակել են տիեզերքի հսկայական տարածքների դիտարկումների արդյունքները։ Մասնագետները կարողացել են հայտնաբերել հսկայական քանակությամբ փոքր գալակտիկաներ: Դրանց զանգվածը շատ ավելի փոքր է, քան Ծիր Կաթինինը, սակայն, չնայած իրենց կոմպակտ չափերին, դրանք ունեն նոր աստղերի ձեւավորման շատ բարձր արագություն, գրում է Planet Today-ը:
Այս օբյեկտների գույների եւ ձեւերի վրա հիմնվելով՝ չինացի մասնագետները դասակարգել են դրանք՝ անվանելով բանջարեղենների եւ մրգերի անուններով: Օրինակ, դրանցից մեկն անվանել են Կանաչ ոլոռ: Նրանց միավորում է կլոր ձեւը եւ հիմնական գույնը տեսանելի տիրույթում։ Աստղագետները հայտնաբերել են ավելի քան յոթ հարյուր նման գալակտիկաներ։
Երկրին ավելի մոտ գտնվող գալակտիկաների մյուս խմբերը ստացել են Հապալասներ եւ Կապույտ խաղող անվանումները: Դրանք հաշվվել են համապատասխանաբար 270 եւ 388։ Անունները գրավել են լայն հասարակության ուշադրությունը, մինչդեռ գիտնականներին ավելի շատ հետաքրքրում են այն տվյալները, որոնք դեռ շատ դժվար է ստանալ։
Մեծ հեռավորությունը եւ թույլ պայծառությունը խոչընդոտ են հանդիսանում այդ օբյեկտների մանրամասն ուսումնասիրության համար: Այնուամենայնիվ, հեռավոր տիեզերքի ուսումնասիրման տեխնոլոգիաների զարգացումը արագ տեմպերով է ընթանում։ Անցած 20 տարիների ընթացքում մարդկությունը ճշգրիտ եւ խիստ զգայուն գործիքների օգնությամբ ավելի շատ գիտելիքներ է ձեռք բերել տիեզերքի մասին, քան նախորդ 200 տարիներին:





























