Ինչպես գիտեք, առաջիկայում կկայանա Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Ռուսաստան, որին մենք պետք է պատրաստվենք հավուր պատշաճի: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին:

Արարատ Միրզոյանի ելույթի տեքստը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կայքում:

«Հարկ է ընդգծել, որ այս ամենի համապատասխան դինամիկան, բնականաբար, ապահովում են ինտենսիվությամբ աչքի ընկնող հանդիպումները և զրույցները, որոնք իրականացվում են բարձրագույն մակարդակով: Ինչպես գիտեք, առաջիկայում նախատեսվում է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Ռուսաստան, որին մենք պետք է, իհարկե, հավուր պատշաճի պատրաստվենք»,- ընդգծել է նա:

Միրզոյանի խոսքով՝ կողմերը փոխադարձաբար արձանագրել են, որ անցած տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերով հայ-ռուսական հարաբերություններին դաշնակցային փոխգործակցության ամենաբարձր մակարդակ է տրվել, որն առանձնանում է կայուն ռազմավարական բնույթով:

«Հայ-ռուսական համագործակցությունը պաշտպանության, ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում առանձնանում է մեր հարաբերությունների օրակարգում իր կարեւոր դերակատարմամբ: Այդ իսկ պատճառով պատշաճ ուշադրություն ենք դարձրել այդ ոլորտներում բարձր պայմանավորվածությունների իրագործման ընթացքի քննարկմանը, կարծիքներ ենք փոխանակել այն հարցերով, որոնց իրականացումը կծառայի մեր երկրների շահերի պաշտպանությանը:

Դրական լույսի ներքո դիտարկել ենք մեր ռազմավարական համագործակցության հետագա զարգացման առկա մեխանիզմների՝ Ռազմատեխնիկական եւ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաեւ Միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը»,- ընդգծել է Միրզոյանը: