2011թ. առաջին կիսամյակում ավտոկայանատեղիներից Երեւանի քաղաքապետարանի բյուջե է փոխանցվել շուրջ 43 մլն դրամ, մինչդեռ ամբողջ 2010թ. ընթացքում այդ գումարը շուրջ 3 մլն դրամ էր: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից:
Թե ինչով է պայմանավորված 2010-ին եւ 2011-ին հավաքագրված գումարների միջեւ այսպիսի մեծ տարբերությունը, քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն այսպես բացատրեց. «Մարդիկ սկսել են ավելի հետեւողական լինել, հավաքագրումների հանդեպ ուշադրությունն ավելացել է»:
Ենթադրվում է, որ նախկինում էլ այդքան գումար էր հավաքագրվում, պարզապես ոչ թե պետբյուջե էր մտնում, այլ ինչ-որ մարդկանց գրպանը:
Իսկ թե ինչ է արվել այդ գումարով, նա պատասխանեց, որ կոնկրետ չեն կարող ասել, քանի որ այն մտնում է բյուջետային ծախսերի մեջ եւ ծախսվել է բյուջեով նախատեսված ընթացիկ աշխատանքների համար` բարեկարգում, ասֆալտապատում եւ այլն:
Ինչո՞ւ պետք է վճարել ավտոկայանատեղիներում, երբ այնտեղ որեւէ ծառայություն չի մատուցվում
Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից հայտնեցին, որ Երեւանի ավտոկայանատեղերը շահագործող կազմակերպությունների կողմից, մեկ մեքենայի կայանման համար (անկախ ժամանակահատվածից) ըստ վարչական շրջանների գանձվում է 100- 200 դրամ։
Այն, որ ավտոկայանատեղիներում կայանող մեքենաներից կամ ինչպես դիպուկ նկատեց վարորդներից մեկը «նույնիսկ դանդաղ քշողներից» գումար են պահանջում, ակնհայտ է: Գաղտնիք չէ նաեւ, որ վճարած գումարի դիմաց ՀԴՄ չեն տրամադրում, մինչդեռ դա է պահանջում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքը:
Ի դեպ, NEWS.am-ը զանգահարեց նաեւ ՊԵԿ` ճշտելու, թե քանի բողոք է ստացվել ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար, ինչին ի պատասխան` նշեցին, որ 2011թ առաջին 7 ամիսների ընթացքում ընդամենը մեկ բողոք են ստացել` կապված ապօրինի կայանատեղիի հետ, բայց պարզվել է, որ այն ապօրինի չէ եւ ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքվել է:
Ստացվում է, որ մի կողմից ամեն քայլափոխի գումար են հավաքում, ամեն մայթ վճարովի են դարձրել, բայց քաղաքացիները կամ գլուխ չեն դնում այդ 100-200 դրամը հավաքողների հետ եւ հետեւողական չեն, կամ այդ 100-200 դրամը մեծ գումար չեն համարում:
Ի դեպ, վերջերս «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքի ընդունումից հետո (ընդունվել է 23.06.2011) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար սահմանվել է մինչեւ 300 դրամ, մեկ օրվա համար` մինչեւ 2500 դրամ, մեկ շաբաթվա համար` մինչեւ 5000 դրամ, մեկ ամսվա համար` մինչեւ 25000 դրամ, մեկ տարվա համար` մինչեւ 100 000 դրամ:
Արթուր Գեւորգյանը նշեց, որ օրենքով սահմանված նորմերը կիրառելու համար պետք է ավագանու նիստ լինի, որտեղ էլ կորոշեն, թե ինչ գին են սահմանում:
Օրենքի եւ ավտոկայանատեղիների թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ, ով դեմ է այս օրենքին: Նա աբսուրդ համարեց պետական նշանակության եւ պետության սեփականություն հանդիսացող փողոցում մեքենան կայանելիս գումար պահանջելը, քանի որ, նրա խոսքով, մեքենաները տեխզննում են անցնում եւ դրա համար վճարում են:
«Հստակ չէ, թե ինչ ծառայություն են մատուցում: Իսկ եթե ծառայություն չեն մատոցում, դա արդեն նշանակում է թալան, առավել եւս` 300 դրամ»,- ասաց նա` հավելելով, որ երբեւէ անվճար ավտոկայանատեղիների չի հանդիպել:
Իսկ բոլոր նրանց, ովքեր ավտոկայանատեղիների վճարովի լինելը հիմնավորում են եվրոպական քաղաքակիրթ աշխարհում դրանց գոյությամբ, Արմեն Մարտիրոսյանը նախ խորհուրդ է տալիս հիշել, թե Եվրոպայում ինչքան է միջին աշխատավարձը, ինչպես է աշխատում հասարակական տրանսպորտը, ինչպիսի պայմաններ են ապահովված եւ ապա այդ ամենը համեմատել մեր իրականության հետ:
Ո՞վ է տրամադրում ավտոկայանատեղիների տարածքները, ու՞մ եւ ի՞նչ սկզբունքներով
Թե ով է տրամադրում ավտոկայանատեղիների տարածքները, ում եւ ինչ սկզբունքներով, քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնեցին, որ մինչ օրենսդրական դաշտի կարգավորումը, վարչական շրջանները ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ ժամանակավորապես կնքել են ավտոկայանատեղերի շահագործման վերաբերյալ պայմանագրեր։
Իսկ .Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում վարչական շրջանների կողմից կնքված, ավտոկայանատեղերի վերաբերյալ պայամանագրերից բխող պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է համապատասխան հսկողություն։
Ըստ որում` Երեւան քաղաքի վարչական շրջանների կողմից ավտոկայանատեղերի համար պայմանագրային հիմունքներով տրված տարածքները համարվում են օրինական։ Ավտոկայանատեղերում փակցված ցուցանակները հուշում են դրանց վճարովի կամ անվճար լինելու մասին, իսկ սպառողը ավտոկայանատեղերի հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ կարող է ահազանգել համապատասխան վարչական շրջանի աշխատակազմ կամ Երեւանի քաղաքապետարան։
Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Երեւանի տարբեր վարչական շրջաններում ավտոմեքենաների, մասնավորապես` տաքսի ծառայությունների համար կան մոտ 40 անվճար ավտոկայանատեղիներ:
NEWS.am-ը զրուցեց նաեւ մի շարք տաքսու վարորդների հետ` պարզելու, թե իրենք անվճար ավտոկայանատեղիների հանդիպե՞լ են իրենց աշխատանքում, նրանք բոլորը միաձայն պատասխանեցին` ոչ եւ շարունակեցին բողոքել. «Մեկը 600 դրամ է տալիս եւ ասում է` էս մարդուն հասցրու կենտրոն, ճանապարհին մտնում է խանութ, ստայանչիկը գալիս է 100 դրամ է ուզում, ո՞վ պիտի տա: Ինչի՞ պիտի ես տամ»,- ասաց նրանցից մեկը:
(Տաքսիների վարորդները չեն ցանկանում նշել իրենց անունները- NEWS.am): «Հազար տարվա տաքսիստ» Գեղամը նշեց, որ այսքան տարի է` ղեկին է եւ քաղաքում երկու անվճար կայանատեղի գիտի` Մաշտոցի եւ Տերյան փողոցներում:
«Ես տեխզննման փող եմ տալիս էդ ճանապարհների համար, բայց խանութի դեմը կանգնում եմ, ասում են` իմ տարածքն է, մի կանգնիր, էնտեղ եմ կանգնում` ստայանչիկն է գալիս փող ուզում, քիչ է մնում օդն էլ փողով լինի, ինչի՞ պիտի իմ երկրում փողոցում կանգնելու համար փող վճարեմ, պրոսպեկտ ծնված, մեծացած տղա եմ, ինչի՞ պիտի էդտեղ կանգնելու համար փող վճարեմ, որ էդ ժամանակ ավտոյիս մի բան եղավ, փողը կտա՞ն»,- ասաց զայրացած վարորդը:
Ինչ վերաբերում է 40 անվճար կայանտեղիներին, վարորդը նշեց, որ դա ասել են` հաշվի առնելով «Բանգլադեշի եւ Չարբախի չոլերը»` հավելելով, որ այնտեղ ո՞վ պետք է գնա մեքենա կանգնեցնի, եթե իրենց գործը կենտրոնում է:
Պատրաստեց Ինգա Մարտինյանը



























