Թուրքական իշխանությունները դիտարկում են արտահանողների կողմից կենտրոնական բանկին վաճառվող արտարժույթի եկամուտների մասնաբաժինը ներկայիս 25 տոկոսից մինչեւ 50 տոկոս ավելացնելու հնարավորությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Վերջնական որոշումը դեռ չի կայացվել, ասել է աղբյուրը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։ Ըստ նրա՝ իշխանությունները կարող են որոշում կայացնել չփոխել մակարդակը կամ ավելացնել ցանկացած չափով՝ ընդհուպ 50 տոկոս։ Պահանջը վերաբերում է միայն ԱՄՆ դոլարով կամ եվրոյով եկամուտներին:

Թուրքիայի կենտրոնական բանկը հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը։

Հունվարին կառավարությունն արտահանողներին պարտավորեցրել էր վաճառել իրենց արտարժույթի եկամուտների 25 տոկոսը կենտրոնական բանկին, որը ձգտում է ավելացնել իր պահուստները անցյալ տարվա վերջին արժութային ճգնաժամից հետո:

Արտարժույթի գումարը, որը կենտրոնական բանկը ձեռք է բերել արտահանողներից, դեռեւս չի հրապարակվում։

Հետազոտությունների եւ դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի գործադիր տնօրեն Օրհուն Սեւինչն ասում է, որ վարկային վճարումների վերահաշվարկը (արտահանողներին լիրայով տրամադրված վարկեր, որոնք մարվում են արտարժույթով), լիրայով ավանդների պաշտպանության սխեման եւ արտահանողներից արտարժույթի գնումը օգնել են պահուստներ ստեղծել։

Թուրքական արտահանումը 2021թ․ կազմել է 225 մլրդ դոլար։ Կառավարությունն ու տնտեսագետներն ակնկալում են, որ այս տարի այն կհասնի 250 մլրդ դոլարի:

Կենտրոնական բանկի զուտ արտարժութային պահուստները հունվարին հասել են ռեկորդային ցածր մակարդակի` 7,55 մլրդ դոլարի, ինչը հիմնականում պայմանավորված է լիրային աջակցելու համար շուկայական միջամտություններով:

Կենտրոնական բանկը դեկտեմբերից իր պահուստների հաշվին բավարարել է արտարժույթի առնվազն 30 մլրդ դոլարի շուկայական պահանջարկը՝ ի լրումն 2019-2020 թթ․ շուկայի ուղղակի միջամտության, երբ 128 մլրդ դոլար վաճառեց՝ լիրային աջակցելու համար: