Vivo-ն ներկայացրել է իր X Fold առաջին ծալովի սմարթֆոնը, տեղեկացրել է Android Authority պարբերականը։

Չինական ընկերության նոր սարքը բաղկացած է իրար միացած երկու մասից։ Որպես ճկվող դիսփլեյի պաշտպանության միջոց արտադրողը նախատեսել է գերբարակ ապակի, որը ծածկում է էկրանը։ Արտաքին էկրանը 6,53 մատնաչափ OLED-մատրիցա ունի՝ 2 520 x 1 080 պիքսել հնարավորությամբ եւ 120 հերց հաճախականությամբ։ LTPO OLED ներքին դիսփլեյն ունի 8,03 մատնաչափ տրամագիծ՝ 2 160 x 1 916 պիքսելով եւ 120 հերց հաճախականությամբ։

Ընկերությունում նշել են, որ պաշտպանիչ ապակին զգալիորեն ավելացնում է ծալովի էկրանի գործողության ժամկետը։ Vivo-ի գնահատմամբ՝ դեւայսը հաշվարկված է 300 հազար ծալման համար, ինչը հավասարազոր է սարքը 10 տարվա ընթացքում օրական 80 անգամ բացել-փակելուն։ Առաջին ծալովի սարքի արժեքը սկսվում է 8 999 յուանից։

Vivo X Fold-ը հենվում է Snapdragon 8 Gen 1 պրոցեսորի վրա։ Սարքն ունի նաեւ 12 գիգաբայթ օպերատիվ եւ 256 գիգաբայթից սկսած ներկառուցված հիշողություն։ Սարքի վահանակի հետեւի մասում գտնվում է հիմնական խցիկը՝ 50, 48 եւ 12 մեգապիքսել օբյեկտիվ հնարավորությամբ։ Հեռախոսը թողարկվել է 5 000 միլիամպեր/ժամ մարտկոցով։

12 գիգաբայթ օպերատիվ եւ 256 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ սարքի արժեքը 8 999 յուան է։ 512 գիգաբայթ ունեցող տարբերակի արժեքը 9 999 յուան է։ Գաջեթի վաճառքը մեկնարկելու է Չինաստանում։