Ապրիլի 14-ին Լոռու մարզի Դեբետ գյուղում կայացավ ՔՈԱՖ-ի ու լիտվական զարգացման գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Լիտվայի դեսպանության աջակցությամբ հիմնված «Դ Սալոն» անունը կրող գեղեցկության սրահի բացումը, որն առաջինն ու դեռեւս միակն է գյուղում։ «Զորակցված կանայք որպես փոփոխության ու գյուղական զարգացման գործակալներ» ծրագրի շրջանակներում ՔՈԱՖ-ը վերանորոգել է Դեբետ գյուղի վարչական շենքն ու նաեւ վերջինիս այն հատվածը, որտեղ տեղակայվել է «Դ Սալոն»-ը, ինչպես նաեւ կազմակերպել մասնագիտական եւ բիզնես դասընթացներ գյուղի կանանց համար՝ նպաստելով նրանց՝ ձեռներեցության ներուժի զարգացմանն ու երկրի սոցիալ-տնտեսական կյանքին ակտիվ մասնակցությանը։

Գեղեցկության սրահի բացմանը ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն ու այլ հյուրեր։ Համագործակցելով ՀՀ-ում Լիտվայի դեսպանության եւ Դյուֆրիի հետ՝ ՔՈԱՖ-ը մեկնարկեց բիզնեսի զարգացման այս նախաձեռնությունը՝ կազմակերպելով վարսահարդարման ու մատնահարդարման դասընթացներ 24 կանանց համար Հայաստանի գյուղերից ու Արցախից։ Մասնակցելով նաեւ բիզնեսի հիմնման ու ղեկավարման դասընթացներին՝ ըստ ցուցաբերած արդյունքների ընտրված երեք կանայք ստացան դրամաշնորհ՝ հիմնելու իրենց բիզնեսը՝ գեղեցկության սրահը։ ՔՈԱՖ-ի համապատասխան մասնագետները շարունակում են խորհրդատվական աջակցություն տրամադրել կանանց՝ իրենց բիզնեսը սահուն կերպով ղեկավարելու համար։

«Դ Սալոն»-ը գտնվում է Դեբետ գյուղի վարչական շենքում, որն ամբողջությամբ վերակառուցվել է ՔՈԱՖ-ի կողմից։ Երկրորդ հարկում են գտնվում վարչական շենքի անձնակազմի աշխատանքային տարածքը, հանդիպումների սենյակը, ինչպես նաեւ ժամանակակից բազմաֆունկցիոնալ գրադարանը՝ Գրադարակ Դեբետը։ Շուտով գեղեցկության սրահի հարեւանությամբ՝ կրկին Դեբետի վարչական շենքում, կսկսի գործել եւս մեկ բիզնես՝ ՀայՓոստի ժամանակակից մասնաճյուղը։

Գյուղաբնակ կանանց սոցիալ-ֆինանսական վիճակի բարելավումն ու կարիերայի զարգացման նոր հնարավորություններով նրանց օժտելը հանդիսանում է ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ գյուղ» հնգամյա ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկը։ Ծրագիրն իրականացվում է Դեբետում, որն էլ կլինի Հայաստանի առաջին ՍՄԱՐԹ գյուղը։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է զարգացնել առկա բիզնեսներն ու հիմնել նորերը սննդի, հյուրընկալման ու գյուղատնտեսական ոլորտներում։ Այժմ ՔՈԱՖ-ը նոր բիզնես մտքեր է ընդունում դեբետցիներից ու խրախուսում է նրանց տնտեսական ակտիվությունը։