ՌԴ ԿԲ-ն թվային ռուբլու ներդրում է ակնկալում առաջիկա մի քանի տարվա ընթացքում՝ արագ թեստավորման եւ օրենսդրական փոփոխությունների դեպքում։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Զուգահեռ մենք արդեն նախապատրաստում ենք օրենսդրական փոփոխություններ եւ ակնկալում ենք, որ  կքննարկենք եւ կընդունենք թվային ռուբլու հետ կապված օրենսդրական փոփոխությունները։ Սա մեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչպիսի ճանապարհային քարտեզ կարող է լինել թվային ռուբլու ներդրման համար։ Մենք կարծում ենք, որ եթե արագ շարժվենք թեստային եւ օրենսդրական փոփոխություններով, ապա մենք կարող ենք հասնել դրա իրագործման առաջիկա տարիներին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Պետդումայում ԿԲ-ի տարեկան հաշվետվության քննարկմանը նախապատրաստվելու հարցով միջհանձնաժողովային աշխատանքային խմբի հանդիպմանը։

«Մենք չենք ցանկանում փոխել ժամկետները, չենք ցանկանում երկարացնել որեւէ փուլ, քանի որ կարծում ենք, որ թվային ռուբլին շատ անհրաժեշտ է տնտեսությանը, քաղաքացիներին եւ բիզնեսին։ Մենք գնում ենք ըստ մեր պլանի»,-հավելել է Սկորոբոգատովան։