«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ապրիլի 14-ին ամփոփել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի (AWDA) շրջանակում իրականացվող կարողությունների զարգացման առաջին ծրագրերից մեկը։

Կրթական այս ծրագրերն ուղղված են երիտասարդների խրախուսմանն ու  համապատասխան աշխատանքային հմտությունների տրամադրմանը։

5 ամիս տևողությամբ դասընթացն իրականացվել է Վանաձորում գործող հոլանդական ArchiDutch ճարտարապետական ընկերության հետ համատեղ մշակված կրթական ծրագրով: Դասընթացն օգնել է մասնակիցներին ձեռք բերել ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև հաղորդակցման և թիմային հմտություններ, որոնց արդյունքում  դասընթացի 11 մասնակիցներն ArchiDutch ընկերությունից ստացել են աշխատանքի առաջարկ։ 

AWDA ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ներկայումս իրականացնում է 3D մոդելավորման և վեբ ծրագրավորման դասընթացներ՝ Լոռու մարզի ավելի քան 65 երիտասարդի համար։ Դասընթացներն իրականացվում են Toughbuilt Industries, Peyotto Technologies և Omnicode ընկերությունների հետ համատեղ:

Առաջիկա հինգ տարիներին AWDA-ն 10 հազար երիտասարդների և կանանց կտրամադրի հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի պահանջներին, ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում աշխատանք գտնելու նպատակով։

Ծրագիրը սերտորեն կհամագործակցի կրթական հաստատությունների և մասնավոր ընկերությունների հետ՝ բացահայտելու նրանց կարիքները և աջակցելու վերապատրաստման հարցում: