Լիբիայի հարավային ցեղերի առաջնորդները փակել են երկրի խոշորագույն նավթահանքը երկու հակառակորդ կառավարությունների միջեւ կատաղի դիմակայության ֆոնին, հաղորդում է AP-ն:

Շարարի հանքավայրում նավթի արդյունահանումը դադարեցվել է, իսկ պետական Ազգային նավթային ընկերությունը ֆորս-մաժոր է հայտարարել հանքավայրում, որն օրական արդյունահանում է մոտ 450 000 բարել: Ֆորս-մաժորը իրավաբանական մանեւր է, որը թույլ է տալիս ընկերությանը դուրս գալ իր պայմանագրային պարտավորություններից արտակարգ հանգամանքների պատճառով:

Կորպորացիան հանքի փակումն անվանել է «անհեթեթ քայլ», որն արտացոլում է երկրում շարունակվող առճակատումը։ Փակումը, հավանաբար, վառելիքի ճգնաժամ կառաջացնի նավթով հարուստ երկրում, քանի որ հանքավայրը ներքին վառելիքի հիմնական աղբյուրներից մեկն է:

Հայտարարությունն արվել է ժամեր անց այն բանից, երբ անապատային Ուբարի քաղաքի ցեղերի առաջնորդներն ասել են, որ իրենք փակել են հանքը՝ ի նշան վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբայի կառավարության դեմ բողոքի:

Նրանք Տրիպոլիում գտնվող Դբեյբային կոչ են արել իշխանությունը փոխանցել վարչապետ Ֆաթհի Բաշագիի կառավարությանը, որը նշանակվել է խորհրդարանի կողմից այն բանից հետո, երբ Լիբիան չի կարողացել անցկացնել առաջին նախագահական ընտրությունները դեկտեմբերին:

Տեղական լրատվամիջոցները նաեւ հաղորդում են, որ հարավարեւելյան Վահաթ շրջանի բնակիչները հայտարարել են, թե իրենց տարածքում նավթային բոլոր ձեռնարկությունների փակման պատճառներից մեկն այն է, որ Դբեյբային ստիպեն հրաժարական տալ:

Անցած հանգստյան օրերին ցեղերի առաջնորդներն ու ցուցարարները փակել են Ալ-Ֆիլ հանքավայրը եւ Զուեյտինա տերմինալը Սիրտի ծոցում՝ ստիպելով Ազգային նավթային կորպորացիային երկու տեղամասերում ֆորս-մաժոր հայտարարել:

Ազգային նավթային կորպորացիան հայտարարել է, որ հում նավթի արդյունահանման հետ մեկտեղ փակումը ռազմական առաջնորդ Խալիֆա Հաֆթարի ուժերի կողմից վերահսկվող արեւելյան տարածաշրջանում գազի եւ էներգիայի անբավարարության կհանգեցնի: