Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, քաղաքացիներին կոչ է անում միանալ Ազատության հրապարակում մեկնարկած պայքարին.
«Կոչ եմ անում իմ ընկերներին, հարազատներին, համակիրներին, իմ Հայկի ընկերներին, դասընկերներին գալ Ազատության հրապարակ, դրանով իսկ արտահայտելով ձեր դիրքորոշումը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ:
Պետք չէ ինձ ցավակցել, պարզապես միացեք, եթե ուզում եք հայրենիք ունենալ, եթե հարգում եք Հայկի ու մնացյալ նահատակների հիշատակը: Սա ամենօրյա պայքար է, համարեք, որ սա այլևս ձեր ամենօրյա աշխատանքի մի մասն է: ՄԻԱՑԵՔ»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։





























