Առավոտից Ռոբերտ Հայրապետյանի հետ Ազատության հրապարակում բանակցում ենք հերթապահություն իրականացնող Ոստիկանության պատասխանատուների հետ` հացադուլ հայտարարած երիտասարդներին վրանով ապահովելու հարցով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատանքային կոնտակտներ հաստատեցինք նաև ՄԻՊ գրասենյակի հետ: ՄԻՊ-ը արձագանքեց օպերատիվ, խնդրի վերաբերյալ խոսեց Ոստիկանության պետի հետ: Այժմ սպասում ենք Ոստիկանության արագ արձագանքին: Տղաները անպայման պետք է վրան ունենան: Ամոթ է, որ հասարակ վրանի հարցն այսքան ձգձգվել է: Խնդիրը րոպե առաջ պետք է լուծված լինի:

Ուզում եմ նաև դիմել մեր երիտասարդներին: Այս պահին դուք պետք է լինեք ձեր հասակակիցների կողքին: Նրանք պայքարում են մեր երկրի համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։